Բորժոմի անտառների հրդեհի մարմանը մասնակցած հայ հրշեջ-փրկարարները Վրաստանի պետական պարգևներ են ստացել
Դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն: ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից պարգևներ հանձնեց ամռանը Բորժոմիի կիրճում անտառային հրդեհների մարման աշխատանքներին մասնակցած հայ հրշեջ-փրկարարներին:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ բնական աղետների կանխարգելումն ու դրանց հետևանքների վերացումը ներկա պայմաններում առավել քան արդիական են:
«Այդ գործում համատեղ ջանքերը մեզ ավելի ուժեղ են դարձնում, իսկ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցությունը միայն ամրապնդում է հայ-վրացական հարաբերությունները: Վստահ եմ, որ օգնության հասնելու պատրաստակամությունը փոխադարձ է, և ճգնաժամային իրավիճակներում մենք նույնպես կարող ենք հույս դնել Վրաստանի մեր գործընկերների վրա,- ասաց Դ.Տոնոյանը,- կարող եք վստահ լինել, որ մենք միշտ պատրաստ ենք հասնել օգնության»:
ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն իր հերթին նշեց, որ Վրաստանը ևս պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնել Հայաստանին և այս պարգևների միջոցով իր երախտագիտությունն է հայտնում եղբայրական երկրին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար:
Դեսպան Սագանելիձեն Վրաստանի ՆԳ նախարարության «Հատուկ ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ հանձնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանին:
Վրաստանի ՆԳՆ «Արիության համար» մեդալով պարգևատրվեց ՓԾ տարբեր ստորաբաժանումների 15, շնորհակալագրով՝ 43 ծառայող:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսին Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կանխելու նպատակով Վրաստան էր մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 57-հոգանոց ջոկատը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա՝ անձնակազմով և 1 շարժական կառավարման կենտրոն, որը տեղում ծառայում էր որպես արձագանքման գործողությունները համակարգող շտաբ):
Հայ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ էին ծավալել անտառային 3 դժվարմատչելի տեղամասերում՝ կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:
Այդ օրերին ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք էր այցելել Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:
Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության և անձնուրաց ծառայության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին շնորհակալական խոսքեր էին հղել նաև Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին և Ներքին գործերի նախարար Գ. Մգեբրիշվիլին: