«Բոլոր իրավախախտները պետք է օրենքի առջև պատասխանատվություն կրեն». հեռուստաընկերությունները պայքարում են տեսահենության դեմ
Հայկական հեռուստաընկերություններն ու հեռուստատեսային կոնտենտ արտադրողները պայքարում են տեսահենության դեմ։ Տեսահենության դեմ պայքարին միացած ավելի քան 1 տասնյակ ընկերություններն արդեն համատեղ հուշագիր են ստորագրել և այսօր կայացած հանդիպման ընթացքում քննարկել տեսահենության դեմ պայքարի գործում հետագա քայլերն ու արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կառույցի ստեղծման գաղափարը:
«Վճռականությունը բոլոր հեռուստաընկերությունների կողմից, որ պետք է պայքար իրականացվի տեսահենության դեմ, և հեռուստատեսային բովանդակությունը, որը մեր հեռուստաընկերությունների ստեղծագործական աշխատանքի արդյունքն է, պետք է միանշանակ պաշտպանված լինի, հաստատվեց այսօրվա քննարկման ընթացքում։ Բոլոր հեռուստաընկերությունների ներկայացուցիչները միաձայն հայտարարեցին, որ այդ պայքարը լինելու է անողոք և շարունակական։
Բոլոր ապօրինի դրսևորումները պետք է հետևողական պայքարի արդյունքում իրենց վերջնակետին և տրամաբանական եզրահանգմանը հասնեն, և բոլոր իրավախախտները պետք է օրենքի առջև պատասխանատվություն կրեն։ Այս քննարկումն իր բնույթով եզակի էր, և այն որոշումները, որ ընդունվել են, աշխատող են, կարող են իրական արդյունքի բերել»,- քննարկումից հետո քննարկման մասնակիցների անունից հայտարարեց մտավոր սեփականության ոլորտի փորձագետ Արթուր Վարդերեսյանը։
Նա հորդորեց բոլոր հեռուստադիտողներին՝ հնարավորինս խուսափել այլ աղբյուրներից հայկական հեռուստաալիքները դիտելուց, և օգտվել միայն այն ծառայություններից, որոնք այս կամ այն կերպ հեռուստաընկերությունների կողմից են մատուցվում.
«Աշխատանքը, որը պլանավորել ենք անել, լինելու է շարունակական, ստեղծվելու է աշխատանքային խումբը, որն ինտերնետ սեգմենտի ամենօրյա ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերելու է իրավախախտներին, և բոլոր հնարավոր միջոցներով հասնելու ենք նրան, որ այդ ապօրինի ռեսուրսները փակվեն։ Այդ պայքարում աշխատանքային խումբն ամեն ամիս հեռուստաընկերություններին ներկայացնելու է աշխատանքի արդյունքները, և, որ ամենակարևորն է՝ շատ սերտ համագործակցություն է ակնկալվում իրավապահ մարմինների հետ՝ Ոստիկանություն, Քննչական կոմիտե»։
Արթուր Վարդերեսյանը նշեց, որ յուրաքանչյուր հեռուստաընկերություն ներկայացնելու է պատասխանատու անձ, որն ունի համապատասխան որակավորում, ձևավորվելու է աշխատանքային խումբ, և քանի որ յուրաքանչյուր հեռուստաընկերությունից ներգրավված են լինելու անձինք, յուրաքանչյուր հեռուստաընկերություն արդեն իսկ իր ներկայացուցչի միջոցով կոորդինացնելու է իր լոկալ խնդիրները, իսկ ընդհանուր պայքարի խնդիրները կոորդինացնելու են համատեղ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում