Գագիկ Ծառուկյանին ներկայացվել են Մանուկյան-Բագրատյան ծեծկռտուքի մասին լուրերը
Այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև թեժ վիճաբանության և ծեծկռտուքի մասին տեղեկության տարածումից հետո` հայտնի դարձավ, որ խմբակցության անդամները գնացել են իրենց ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման։ Ընդ որում, ըստ լուրերի, Ծառուկյանն իր թիմակիցներին իր մոտ էր կանչել հենց այդ վիճաբանության ու ծեծկռտուքի պատճառով։
168.am-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատեց, որ Ծառուկյանի հետ հանդիպում եղել է, սակայն հերքեց, որ իր 2 գործընկերների միջև ծեծկռտուք է եղել։ Նա նշեց, որ Գ.Ծառուկյանի հետ խմբակցության անդամները միշտ էլ հանդիպում են և այսօրվա հանդիպումն էլ աշխատանքային բույթ է կրել արտահերթ նիստի և առաջիկա անելիքների հետ կապված։ Ծառուկյանին նաև ներկայացվել են մամուլի հրապարակումները ծեծկռտուքի մասին։
«Հպանցիկ անդրադարձ է արվել, որովհետև որևէ լուրջ բան չի եղել և որևէ լուրջ քննարկում չի ծավալվել այդ հարցի շուրջ։ Խիստ չափազանցված է տեղեկությունը, որ եղել է ծեծկռտուք։ Եղել է պարզապես աշխատանքային տարաձայնություն, տարընթերցում են ունեցել և խոսել են, զրուցել են, միմյանց հասկացել են։ Նման լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։ Եվ, ինչպես բոլոր հարցերը, դա ևս ներկայացվել է պարոն Ծառուկյանին»,- ասաց Ի.Տոնոյանը։
Նա հերքեց նաև, որ պատգամավորների «անհամաձայնությունը» կապված է եղել Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ. «Ոչ, ոչ, որևէ նման բան չկա։ Աշխատանքային այլ հարցի հետ կապված մտքերի թյուրըմբռնում է եղել, և այս պահին որևէ խնդիր չկա իրենց մեջ»։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ վիճաբանությունը դերակատարների որոշ փոփոխությամբ շարունակվել էր նաև խորհրդարանի միջանցքներում և աշխատասենյակներից մեկում: Ըստ ականատեսների` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել նույն խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանի` նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու, և Սերգեյ Բագրատյանի միջև:
Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունից դժգոհ Բագրատյանը հայհոյել է նրան, ինչին ի պատասխան Արթուր Մանուկյանը սկսել է հայհոյել Բագրատյանին` պաշտպանելով իր հոր ընկեր Ազիզյանին:
Չճշտված տեղեկություններով` Մանուկյանի աշխատասենյակում պատգամավորների վիճաբանությունը ծեծկռտուքի է սկսվել, որը սպառնում է դուրս գալ ԱԺ պատերից:
Այդ վիճաբանությունից հետո պատգամավորներն «անհետացել» էին ԱԺ-ից: