«Խուճապային իրավիճակ է. հասարակության զգալի մասը վախենալով է առևտուր անում». Բաբկեն Պիպոյան

«Ցավալի է, բայց փաստ, որ սննդամթերքի շուկայում մենք հաճախ ենք ունենում խնդիրներ, որոնք միայն տոնական օրերով չեն պայմանավորված։ Հասարակական սեկտորի կողմից տարբեր ժամանակահատվածներում անցկացվող մոնիտորինգները փաստում են ոլորտում առկա տարբեր խնդիրների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Իսկ մեծագույն խնդիրը, ըստ նրա՝ այն է, որ պետական կառույցը չի արձագանքում ոչ միայն հանրային վերահսկողության, այլև պետական վերահսկողության արդյունքում առաջացած խնդիրներին. «Հասարակական սեգմենտը սկսեց դիմել կառավարություն՝ խնդրելով վարչապետին՝ ի վերջո, լրջորեն զբաղվել այս խնդրով և հանձնարարել լիազոր մարմնին՝ զբաղվել իր առջև դրված խնդիրներով։ Եվ հավի մոնիտորինգից հետո նոր եղավ արձագանք։ Բայց մյուս կողմից՝ ունենք լուրջ խուճապային իրավիճակ և հանրային անվստահություն, որի բոլոր հիմքերը կան»։

Պիպոյանը հիշեցրեց, որ հավի մսի մոնիտորինգից օրեր անց նորից ոչ թե՝ ՍԱՊԾ-ն, այլ այս անգամ՝ արդեն Ոստիկանությունը պարզեց, որ մսի շուկայում իրացվում է ավանակի և ձիու միս. «Նորից գնացին Ոստիկանության արած աշխատանքի հետքերով՝ նորից  փորձելով վերագրել, թե սա իրենց կողմից կատարվող աշխատանք է։

Այնինչ, եթե հավի մսի շուկայում նմուշառման խնդիրներ կային, պարզելու համար՝ ինչպիսին է այն, մսամթերքի շուկայում այդ խնդիրները բացահայտելը շատ ավելի հեշտ է։ Վերահսկողություն է իրականացվում, առաջին հերթին՝ ուղեկցվող փաստաթղթերի նկատմամբ, և առնվազն հանրապետության տարածքի որոշ մասում անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնում է հենց լիազոր մարմնի ենթակայությամբ գործող լաբորատորիան։ Այսինքն՝ կամա թե ակամա, ամեն օր իրենք տեսնում են շուկայում իրացվող մսեղենը։

Բայց մի քանի օր անց նոր տեսնում ենք, որ շուկայում հայտնվել է ավանակի միս։ Ավելին, մարզերից ասում են, որ քանի որ այս տարի խոտի խնդիր ունեն, որոշ գյուղացիներ մորթում են անգամ փոքր ավանակներին և ձիերին, որովհետև չեն կարողանում պահել նրանց»։

Այս ամենը, ըստ Պիպոյանի՝ բերում է նրան, որ հասարակության զգալի մասը վախենալով է առևտուր անում. «Պանիկան հասել է այնպիսի մակարդակի, որ մարդիկ լարվածության մեջ են, չեն ցանկանում դիմել լիազոր մարմնին։

Ամենավատն այն է, որ երեկ ռեպորտաժ էի նայում, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես մարդը տարբերի ավանակի և ձիու միսը՝ տավարի մսից, լիազոր մարմնից պատասխանում են, թե հալման ջերմաստիճանում ձեռքի շոշափումով կարելի է տարբերել։ Նման բան չկա, նման բան հանրապետության մեջ մեկ-երկու ստաժավոր անասնաբույժ կարող են անել, որոնք իրենց ձեռքի ջերմաստիճանն անգիր գիտեն, կարող են այս հալման փորձի մեթոդաբանությունն անել։ Սա լաբորատոր փորձաքննությամբ է միան պարզվում։ Տան պայմաններում դրանք իրարից տարանջատելն անհնարին է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս