«Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան պետություն»
«Կարծում եմ, որ ԵՄ որևէ անդամ պետությունում ազգային մակարդակով դժվարություն չի լինի փաստաթուղթն անցկացնելու, դրանից հետո, երբ գա Եվրոպական խորհրդարան, վերջնական կվավերացվի»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը` պատասխանելով հարցին, թե ե՞րբ է վավերացվելու ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Ըստ նրա` նոր փաստաթղթի դեպքում ականտես ենք լինում, որ ՀՀ-ն լրիվ նոր բան է անում` Հայաստանն առաջին երկին է, որ ԵԱՏՄ անդամ լինելով, նաև շատ ավելի խորը հարաբերություններ է ձևավորում ԵՄ-ի հետ զուգահեռաբար.
«Մի հարաբերությունը չի հակասում մյուսին: Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան պետություն, շատ հստակ ձևակերպված ունենալով իր հավակնությունների սկզբունքը և ապագայի տեսլականը»:
Անդրադառնալով եվրոպացի խորհրդարանականների` Արցախ այցելության համար Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հանգամանքին, Ս.Քարիմը նշեց, որ ԵԽ անդամներն ազատ են խորհրդարանական գործունեություն իրականացնել:
«Ցանկացածին սև ցուցակ գցելուն դիմադրելու ենք»,- ասաց Ս.Քարիմը` հավելելով, որ ԵԽ պատգամավորները, եթե այցելում են Ղարաբաղ, պետք է հստակ նշեն, թե ինչ կարգավիճակով են այցելում: