«ԵՄ-ն ակնկալում է, որ Թուրքիայի և Հայաստանի երկխոսությունը կշարունակվի». Սաջադ Քարիմ
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմը բարձր է գնահատում ԵՄ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, քանի որ այդ հակամարտությունն անհարկի զոհերի պատճառ է դառնում:
Այսօր ԱԺ-ում հանձնաժողովի նիստի ժամանակ Ս. Քարիմը կոչ արեց նոր երկխոսություն ծավալել:
«Երկու երկրների իշխանություններին կոչ ենք անում շարունակելու բանակցությունները և նոր երկխոսություն ծավալելու, որը կմեղմացնի շփման գծում իրավիճակը` հանուն ապագա բանակցությունների»,- ասաց Քարիմը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Ս. Քարիմը նշեց, որ սահմանների բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը հիմնականում խոչընդոտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության չճանաչելը, հայ-ադրբեջանական հակամարտությունը:
Ըստ նրա` Ադրբեջանի համար աներևակայելի է, որ թույլ տա սահմանը բացել` առանց ԼՂ հարցում զիջումների, իսկ Թուրքիայի տեսանկյունից սահմանը բացելու տնտեսական օգուտներն ավելի փոքր են, քան կարող է լինել իր դաշնակցի զայրույթի բացասական հետևանքները:
Ս. Քարիմի խոսքով` ԵՄ-ն համոզման է, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմանների, ինչը ՀՀ տնտեսության համար բարենպաստ կլիներ, կօգներ շրջել Հայաստանից միգրացիայի ընթացքը: Նրա կարծիքով` խնդիրը բարդանում է նաև տարածաշրջանային լարվածությունների պատճառով, մասնավորապես` Թուրքիա-Ռուսաստան հակասությունից Սիրիայի հարցոմ:
«ԵՄ-ն ակնկալում է, որ Թուրքիայի և Հայաստանի երկխոսությունը կշարունակվի»,- ասաց Ս. Քարիմը: