Շքեղ ուտեստ՝ ամանորյա սեղանի համար. տավարի միս «Վելինգտոն»
«Վելինգտոնն» անգլիական խոհանոցի դասական ուտեստ է: Ինչպես պատրաստել «Վելինգտոն»: Հաջողության գաղտնիքը մսի բարձրակարգ որակի մեջ է:
Բաղադրիչներ
1. Տավարի շատ որակյալ փափկամիս – 700-800 գ
2. Շամպինիոն – 400 գ
3. Բեկոն կամ խոզապուխտ – 6-8 կտոր
4. Շերտավոր խմոր – 500 գ
5. Մանանեխ – 1/2 ճ/գ
6. Ձվի դեղնուց՝ վրան քսելու համար
7. Աղ, սև պղպեղ
8. Բուսայուղ՝ տապակելու համար
9. Ալյուր
10. Կարագ – 40 գ
Պատրաստման եղանակը
1. Սունկը շատ մանր կտրատել, տապակել կարագով՝ մինչև հյութի լրիվ գոլորշիանալը: Սառեցնել:
2. Տավարի միսը մաքրել, լվանալ և չորացնել թղթե անձեռոցիկով:
3. Միսը բուսայուղով տապակել բոլոր կողմերից շատ տաք տապակի մեջ՝ մինչև կարմիր կեղևի առաջանալը: Սառեցնել և վրան մանանեխ քսել: Փաթաթել միսը խոզապուխտի կտորներով:
4. Գրտնակել խմորը 3 մմ հաստության: Շերտի վրա տարածել սունկը, վերևից դնել միսը: Միսը խմորով փաթաթել այնպես, որպեսզի սունկն ամբողջությամբ պատի այն:
5. Խմորով փաթաթած միսը կարով ներքև դնել տապակին, վրան քսել ձվի դեղնուց: Դնել սառնարանը 15-20 րոպե, իսկ այդ ընթացքում տաքացնել ջեռոցը՝ մինչև 200 աստիճան:
6. Տեղավորել միսը ջեռոցի մեջ, թողնել 30 րոպե, որից հետո անջատել այն և թողնել ևս 15 րոպե՝ ջեռոցի դռնակը բաց վիճակում:
7. «Վելինգտոնը» մատուցել ամբողջական վիճակում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը