ՊՆ-ում կայացել է գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստը
Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները:
Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով:
Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, դրական գնահատելով 2017թ.-ին հանձնաժողովի անդամների և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի կողմից իրականացված գործունեությունը, մի շարք հանձնարարականներ է տվել 2018թ. նախանշված միջոցառումների վերաբերյալ` կարևորելով գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց ընտանիքներին սոցիալական և բարոյահոգեբանական աջակցության ցուցաբերելու անհրաժեշտությունը: