«Եզրակացություններ արվել են, և նման դիսբալանս այլևս թույլ չի տրվի». Զատուլինն առաջարկում է մոռանալ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին
«Ռուսական կուրատորների կողմից անզգուշություն է եղել՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցում։ Նրանք հաշվի չէին առել Ադրբեջանի ագրեսիվությունն ու նրա կողմից արվող հայտարարությունները՝ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ի պատասխան 168.am-ի՝ Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու վերաբերյալ հարցի, ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՊԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը։
«Դա պետք է կանգնեցներ զենք վաճառնողներին: Այդպես լինում է. երկրի մի գերատեսչությունը, օրինակ՝ Արտաքին գործերի նախարարությունը, զբաղվում է հիմնախնդրի կարգավորմամբ, իսկ այլ գերատեսչություններ փորձում են զբաղվել իրենց ապրանքի վաճառքով»,- ասաց նա։
Զատուլինի կարծիքով՝ Ռուսաստանն արդեն եզրակացություններ արել է. «Հայտնի է, որ Ադրբեջանին զենք վաճառելուց բացի՝ Հայաստան են մատակարարվել նորագույն զինատեսակներ՝ վարկով և շատ հարմար պայմաններով` տարածաշրջանը բալանսավորելու համար»:
ՌԴ Պետդումայի պատգամավորն ափսոսանք հայտնեց, որ ապրիլյան պատերազմից հետո զենքի առուվաճառքի հետ կապված մտահոգությունները ստվերում են հայ-ռուսական հարաբերությունները։
Նա հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանում հանվեցին ռուս գրողների, օրինակ՝ Պուշկինի արձանները՝ պատճառաբանելով, որ դրանք ազգի բանաստեղծները չեն:
Նա նշեց, որ այդ մասին վաղուց արդեն մոռացվել է, առաջարկեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն էլ համարել նման մի բան. «Ես հուսով եմ, որ այս պատմությունն էլ կմնա անցյալում»։
«Կարծում եմ՝ եզրակացություններ արվել են, և նման դիսբալանս տարածաշրջանում այլևս թույլ չի տրվի»,- եզրափակեց նա։