Պուտինն առաջընթացի է հասել ՌԴ-ին համաշխարհային տերության կարգավիճակի վերադարձման հարցում. Financial Times
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության է հասել այն հարցում, որ Մոսկվայի կարծիքը հաշվի առնվի աշխարհի հիմնական խնդիրները լուծելիս: Այդ մասին ասված է դեկտեմբերի 17-ին Financial Times թերթում հրապարակված հոդվածում:
Ինչպես նշվում է նյութում, իշխանության գալով 18 տարի առաջ, Պուտինը խնդիր դրեց վերականգնել Ռուսաստանի՝ որպես համաշխարհային մեծ տերության դերը: Հոդվածում նշվում է, որ այդ գործում նա զգալի առաջընթաց է արձանագրել՝ հասնելով Ռուսաստանի՝ որպես պետության վերածնման, որն անփոխարինելի է համաշխարհային ասպարեզում: Որպես միջազգային քաղաքականության մեջ Մոսկվայի հաջող գործողությունների օրինակ, Financial Times-ը նշում է ռուսական օդուժի գործողությունը Սիրիայում, որն սկսվել է 2015 թվականի սեպտեմբերին:
Այդ ռազմական օգնությունը, հրատարակության գնահատմամբ, փաստորեն փրկեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ օգնեց նրան գործնականում լիովին վերականգնելու հսկողությունը երկրի նկատմամբ: Ինչպես գրում է թերթը, Ռուսաստանը, իհարկե, չի կարող միայնակ խաղաղության հասնել Սիրիայում, սակայն այդ բանակցություններն այժմ չեն կարող վարվել առանց Մոսկվայի մասնակցության: Financial Times-ը տպավորիչ է համարում նաեւ ռուսական դիվանագիտության հաջողությունները մերձավորարեւելյան տարածաշրջանում, որտեղ ավելի վաղ հիմնական խաղորդը ԱՄՆ-ն էր:
Այսպես, հրատարակությունն ուշադրություն է դարձնում այն բանի վրա, որ Մոսկվան կարողացավ աշխատանքային հարաբերություններ հաստատել տարածաշրջանի հիմնական երկրների՝ Եգիպտոսի, Իրանի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի հետ՝ իրեն դրսեւորելով որպես արդյունավետ եւ հուսալի գործընկեր: Անդրադառնալով Ուկրաինայի իրադրությանը՝ թերթը գրում է, որ ՌԴ-ն իր գործողություններով ցույց տվեց, որ ուժի գործադրմամբ վետոյի իրավունք ունի դեպի արեւելք թե ՆԱՏՕ-ի, թե Եվրամիության ընդլայնման վրա:
Ինչպես ասված է հոդվածում, ի տարբերություն 1990-ական եւ 2000-ական թվականների համար բնորոշ իրադրության, ո՛չ Հյուսիսատլանտյան դաշինքը, ո՛չ էլ Եվրամիությունը այլեւս չեն կարող քաղաքականություն մշակել եւ իրագործել իրենց արեւելյան հարեւանների նկատմամբ՝ հաշվի չառնելով Մոսկվայի դիրքորոշումը: Բացի այդ, Financial Times-ի կարծիքով, Պեկինի հետ սերտ կապերի շնորհիվ Ռուսաստանը երաշխավորել է, որ ԿԺԴՀ-ի իրադրության ցանկացած կարգավորման մաս է կազմում: Հոդվածի եզրափակիչ մասում հրատարակությունը գրում է, որ Միացյալ Նահանգները չի կարող անտեսել կամ մեկուսացնել Ռուսաստանը, ինչը նա փորձում էր անել վերջին տարիներին: Financial Times-ի կարծիքով, դա է ծնվող բազմաբեւեռ աշխարհի այսօրվա իրականությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: