Ինչպես տարբերակել իրական և արհեստական բրինձը. Դավիթ Պիպոյան
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին օրերին լայն քննարկման թեմա դարձած՝ հայկական շուկայում հայտնված սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնի մսի շուրջ ստեղծված ողբալի իրավիճակին, ինչպես նաև կեղծ բրինձների խնդրին:
«Այս օրերին բավականին տարօրինակ իրավիճակ ունենք՝ երկրում խուճապային մթնոլորտ է ստեղծվել: Ի՞նչն է տարօրինակ, մի կողմից՝ առաջին հայտարարությունը, թե հանրապետություն է ներկրվել հավերի մեծ խմբաքանակ, որոնք բիոտիկների ու միկրոօրգանիզմների խնդիր ունեն, և որոնց պաթոգեն և անտիբիոտիկ վնասներն արդեն ապացուցված են, մյուս կողմից՝ ունենք անհայտ ծագման բրինձը, բայց խուճապ ավելի շատ առաջացրել է հենց բրինձը: Միգուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ մայրերը սովոր են իրենց նորածին երեխաներին կերակրել կաթնախառնուրդների մեջ աղացած բրնձի հավելումով:
Բրնձի խնդրով պայմանավորված՝ մեզ տասնյակ մարդիկ են դիմում, դրանցից մեկը նույնիսկ մեզ մոտ էր եկել հենց խոհանոցային պարագաներով, որպեսզի փորձենք հասկանալ և բացատրել այդ բրնձի գարշահոտության պատճառը:
Բոլորին թվում է, թե իրենք վտանգված են՝ օգտագործելու, այսպես ասած, պլաստիկ բրինձ: Բոլորը համացանցում տեսահոլովակներ են տարածում, որ իրենց տանը կեղծ՝ պլաստմասսե բրինձներ կան: Ուզում եմ տեղեկացնել, որ կեղծ բրինձը ոչ թե պլաստմասսից է, այլ կարտոֆիլի օսլայից և այլ հավելումներից, բայց ոչ՝ պլաստմասսից: Պնդել, թե շուկայում առկա են պլաստմասսե ծագում ունեցող բրինձներ, ես լուրջ խնդիր եմ համարում, որովհետև այդ հայտարարությունները հասարակության լայն շրջանակներում ավելորդ խուճապ են ստեղծում»:
Նա ընդգծում է՝ խնդրահարույց և պլաստիկ բրինձները բոլորովին տարբեր հասկացություններ են.
«Մենք փորձարկում արեցինք՝ տարբեր տեսակի բրինձներ խաշեցինք, և տաք պայմաններում պահելով՝ հետևեցինք դրանցում բորբոսի առաջացման առկայությանը: Իրականում նորմալ բրինձները՝ ի տարբերություն արհեստական բրինձների, կաթնաթթվային հոտով բորբոսնելու հատկություն ունեն: Արհեստական բրինձներին հատուկ է սպեցիֆիկ գարշահոտությունը, միաժամանակ՝ առանց բորբոսնելու ավելի քան տասը օր գոյատևելու հատկությունը»:
Դավիթ Պիպոյանը տեղեկացնում է՝ հանրապետության շուկաներում առկա մի քանի տեսակի բրինձներ ամենօրյա ռեժիմով լաբորատոր փորձաքննության են ենթարկվում.
«Հենց այսօր առավոտյան մեր տնօրենը կապվել է ԳԳԱ-ին կից բուսաբանության ինստիտուտի հետ, և մեր լավագույն մասնագետներից՝ տիկին Օգանեզովան կասկածելի բրինձները մանրադիտակի տակ մանրազնին լաբորատոր ուսումնասիրության է ենթարկել: Արդյունքում պարզվել է՝ այո, կան խնդրահարույց բրինձներ, որոնց փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են փառի տեսքով որոշակի թաղանթներ, որոնք սովորաբար լինում են մթերքն ավելի երկար ժամանակ պահպանելու նպատակով, բայց մթերքը, այնուամենայնիվ բնական բրինձ է: Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել գարշահոտ և չբորբոսնող բրինձ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արհեստական՝ պլաստիկե, այլ պարզապես խնդրահարույց բրնձի հետ»:
Հասարակության մեջ ձևավորված անվստահության մթնոլորտը բանախոսը գնահատում է՝ օբեկտիվ իրականություն. «Այս օրերի խուճապն օդից չէ: Մենք տարին սկսել ենք բազմաթիվ խնդիրներով՝ սկսած թուրքական լոլիկներից՝ մինչև ադրբեջանական խնձորները: Այնուամենայնիվ, մենք ամերիկյան կամ զարգացած եվրոպական երկրների թվին չենք դասվում, որտեղ սննդային սկանդալները կարող են օրվա լրահոսի առաջատար թեմա դառնալ: Մեր քաղաքացիների շրջանում այս խուճապը պայմանավորված է բավական տևական ժամանակ առկա և գոյություն ունեցող խորը անվստահության մթնոլորտով, որտեղ մշտապես տուժող կողմ է եղել հենց սպառողը: Այս տարի մենք ունեցանք մաքսանենգ ներկրումների օրինակներ, որի արդյունքում նույնիսկ քրեական գործեր հարուցվեցին, և, եթե դուք մանրամասնորեն ծանոթանաք այդ նյութերին, կհասկանաք, որ տվյալ մարդկանց վրա գործ է հարուցվել ոչ թե ներկրած սննդի որակական հատկանիշները խախտելու, այլ հարկերից խուսափման դեպքերի համար:
Այսինքն, պատժամիջոցներ կիրառվել են մեծամասամբ այն դեպքերում, երբ վնաս է հասցվել պետությանը: Բոլոր այն դեպքերում, երբ տուժողը սպառողն է, նման ելքեր գրեթե չկան: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որ բալանսի չբերի սեփական արտադրության, բիզնեսի և սպառողի շահերի պաշտպանությունը, մինչդեռ մեզ մոտ իրականությունը բոլորովին այլ պատկեր է հուշում»: