«Հայաստանն է փրկել Ռուսաստանին. Ռուսաստանն իր գոյության համար պարտական է Հայաստանին». Գառնիկ Իսագուլյան

«Մենք միշտ քննադատում ենք Հայաստանի իշխանություններին, բայց արագ զարգացող աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարողանում է հավասարակշռություն ստեղծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,  ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը:

Նա նկատեց՝ չունենալով տնտեսական, սոցիալական բազա, ունենալով արտագաղթ, Արցախ-Ադրբեջան ուղղակի պատերազմական իրավիճակը, Հայաստանը կարողանում է աշխարհաքաղաքական տարբեր գործընթացներից խույս տալ և պահպանել այն բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք մինչև 1994 թվականը.

«Իսկ վերջին 3-4 տարվա ընթացքում էլ Հայաստանը կարողացավ 2 ինտեգրացիոն գործընթացների մեջ մտնել։ Ես կուզենայի, որ մենք շարունակենք այս քաղաքական գիծը, և կարողանալ ճիշտ մանևրել։ Բոլոր պարագաներում շատ կարևոր է միասնականության դրսևորումը»։

Իսագուլյանի խոսքով՝ հատկապես ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչներ այսօր փորձում են զուգահեռներ տանել, քննադատական արտահայտություններ անել, բայց ըստ նրա՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ոչ թե որևէ երկիր է փրկել Հայաստանին, որ նա հիմա գտնվում է այս վիճակում, այլ Հայաստանն է փրկել բավականին շատ երկրների, և առաջին հերթին՝ Ռուսաստանին.

«Ըստ էության, Հայաստանը փրկել է Ռուսաստանին՝ տրոհվելուց։ Եվ այն կալաշնիկով-մալաշնիկովները, որ վերջերս շատ են հանդես գալիս տարբեր ատյաններում, թող իմանան այդ մասին։ Եթե Արցախն իր վրա չվերցնի այն պատերազմը, որն ընթանում էր Կովկասյան լեռներից դեպի հարավ, ապա այդ պատերազմն ուղղակի թափանցելու էր Ռուսաստան։ Չմոռանանք, որ Ադրբեջանը, որը հիմնական հովանավորն էր չեչենական պատերազմի, նույնիսկ Չեչնիայի գրոհայինները 1.5 տարի զբաղված էին հայկական ճակատի դեմ մարտնչելով։ Եթե Ռուսաստանն այսօր գոյություն ունի, ապա 99 տոկոսով պարտական է Հայաստանին, 1  տոկոսով՝ Տաջիկստանին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս