«Հակոբ Հակոբյանը բոլորովին չէր ուզենա «կրուտոյ տղայի» կարգավիճակում լինել». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց՝ կարևոր չէ, թե Հակոբ Հակոբյանն ու Խոսրով Հարությունյանն ինչ են ասել, այլ կարևոր է նրանց ասածի ամփոփումը, որ՝ պետությունն այստեղ անելիք չունի.

«Հակոբ Հակոբյանն ԱԺ Սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահն է, որը երկրում հենց այդ հարցերի կարգավորմանն ուղղված քաղաքականություն պիտի ձևավորի: Փաստորեն, պետությունն անելիք չունի մի տեղ, որտեղ բնակչության 30 տոկոսն իր կենսապահովման նվազագույնի համար միջոցներ չունի: Այն, ինչ ասում է Հակոբ Հակոբյանը կամ նրան կրկնողները, ի վերջո, դա այդքան էլ նրանց մեղքով չէ։ Հակոբ Հակոբյանը բոլորովին չէր ուզենա «կրուտոյ տղայի» կարգավիճակում լինել, հավանաբար, շատ կուզենար չափված-ձևված, համապատասխան ոճի մեջ լինել: Հավանաբար, այդ խնդրի հետ կապված՝ ՀՀԿ-ի ներսում քննարկում է եղել, որոշում է եղել, որ իշխանությունն ու քաղաքականությունն այստեղ անելիք չունեն։ Այդ մարդը ուղղակի մասսայականացրել է այդ որոշումը»։

Ազգագրագետի խոսքով՝ մենք չունենք ունիվերսալ կերպարներ. ունենք օդիոզ կերպարներ, որոնք զվարճացնում են հասարակությանը.

«Չխոսեմ Թոխմախի Մհերի, Շմայսի, գեներալների մասին, որոնք հիթեր են դարձել։ Սրանք քանակապես ամենաշատը չեն, քանակապես ամենաշատն այն պատգամավորներն են, որոնք ընդհանրապես մեր աչքին չեն երևում։

Ես վստահ չեմ, որ նրանք հայերենի այբուբենը լրիվ գիտեն, չեմ լսել նրանց խոսքը։ Ես վստահ չեմ, որ մենք ընդհանրապես միտք ունենք, նրանք քանակ են, տեղ են զբաղեցնում, մեզնից դուրս են, բայց նրանք կոճակ են սեղմում ու որոշում մեր ճակատագիրը։ Դրանց կողքին կա պատգամավորների քաշող ուժը, որոնք ավելի հղկված են, գիտեն իրենց անելիքն ու ասելիքը»։

Խառատյանի խոսքով՝ ՀՀԿ-ն իր մեջ քարացել է, ունի մտածողության և խոսքերի որոշակի տիրույթ, և մարդիկ եփված են դրա մեջ.

«Հանրային հարաբերություններում նրանք, միևնույն է, արտահայտվում են այդ տիրույթում։ Խնդիր է դրված՝ շեշտել անհավասարությունը և բաց դաշտ թողնել քրեաօլիգարխիկ բուրժուազիային, որը պետության իշխանության ներկայացուցիչների, կոճակ սեղմողների խմբի հետ ավերում են ազատ շուկայական տնտեսության կարևորագույն սկզբունքներն ու գաղափարները»։

Տեսանյութեր

Լրահոս