«Բանակցային գործընթացը կարող է վերսկսվել». Էդուարդ Շարմազանով

«Նախ՝ պատվիրակությունների ղեկավարների՝ ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ արտգործնախարարի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի եռակողմ պաշտոնական հայտարարությունը դրական եմ գնահատում։ Այնտեղ հստակ նշվում է, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում, աջակցություն է հայտնվում ՄԽ բանակցային գործընթացին, ավելին՝  կոչ է արվում իրականացնել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները։ Սրանք այն կետերն են, որոնց մասին մշտապես խոսել են հայաստանյան և արցախյան կողմերը և որի մասին 1 տարի լռում էր կամ խուսափում էր իրականացնել ադրբեջանական կողմը։

Ադրբեջանը ջանք չէր խնայում, որպեսզի այդ պայմանավորվածություններն ուղարկի պատմության աղբարկղը, սակայն այս հայտարարությունը, ի թիվս ԱԼԳ գագաթնաժողովում և ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանում հնչած հայտարարությունների Արցախյան հիմնահարցի մասին, գալիս է ապացուցելու, որ ի հեճուկս Ադրբեջանի, ՄԽ համանախագահ երկրների պաշտոնական ներկայացուցիչներն ի ցույց են դնում, որ Վիեննան և Սանկտ Պետերբուրգը պետք է դառնան իրականություն»,- 168.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների Վիեննայի հայտարարությունը։

Ըստ նրա՝ հայկական դիվանագիտության համար սա բավականին դրական է:

«Եթե այս տրամաբանությամբ շարունակվի, իհարկե, ես դրական եմ գնահատում, որ բանակցային գործընթացը կարող է վերսկսվել։ Ամեն դեպքում, սա հուսադրող հայտարարություն է և ցույց է տալիս, որ Ադրբեջանի ծրագրերն այս փուլում ձախողվել են»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս