Բաժիններ՝

Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը» կհնչի մենակատարների բացառիկ փայլուն կազմով

Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված՝ դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մենակատարների բացառիկ կազմով կհնչի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այս մասին հայտնի դարձավ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, սոպրանո Էրիկա Գրիմալդին (Իտալիա), բաս Ռոբերտո Սկանդիուցին (Իտալիա), մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան (Ռուսաստան), տենոր Գեորգի Վասիլևը (Ռուսաստան) և ՀՀ Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը:

«Վերդիի «Ռեքվիեմի» որակը մեծապես կախված է մենակատարների մակարդակից: Մենք ձգտել ենք հավաքել հնարավորինս ուժեղ կազմ, և դա մեզ հաջողվել է»,- ասուլիսի մեկնարկին հայտնում է ՀԱՖՆ գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:

Իտալիայից լեգենդար բաս Ռոբերտո Սկանդիուցին, ում լսելու բացառիկ հնարավորություն կունենա հայ հանդիսատեսը, հայտնում է՝ Հայաստանում է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով, դրա բարձր որակի, ինչպես նաև Վերդիի հանճարեղ «Ռեքվիեմի» շուրջ համախմբվելու ցանկությամբ.

«Չկա որևէ կրոն, որն իրավունք կտա խլելու դիմացինի կյանքը, այս առումով շատ կարևոր է այն առիթը, որի շուրջ մենք այսօր Հայստանում ենք և կատարելու ենք այս բացառիկ հանճարեղ գործը: Վերդիի «Ռեքվիեմը» կատարել եմ տարբեր՝ Նյու Յորքում՝ զույգ աշտարակների փլուզման, Ֆլորենցիայի ավերիչ երկրաշարժի և այլ առիթներով: Գտնվելով Հայաստանում՝ պետք է նշեմ նաև, որ պատիվ եմ ունեցել նույն բեմերում հանդես գալու հայազգի այնպիսի աշխարհահռչակ անունների հետ, ինչպիսին են օպերային դիվա Հասմիկ Պապյանը և Գեղամ Գրիգորյանը: Ուրախ եմ և հպարտ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ այս համագործակցության համար»:

Իտալական բելկանտոյի վարպետ, աշխարհահռչակ սոպրանո, Եվրոպայի ամենապահանջված սոպրանոներից, միջազգային մրցույթների դափնեկիր Էրիկա Գրիմալդին խոսելով առաջիկա համերգի և հայաստանյան հրավերի մասին՝ նկատում է. «Վերդիի «Ռեքվիեմը» երգելու շատ առիթներ եմ ունեցել՝ աշխարհի ամենատարբեր նվագախմբերի հետ: Պետք է խոստովանեմ՝ ընդունելով հայաստանյան հրավերը և գալով Հայաստան, չէի սպասում բացահայտել այսպիսի բարձր մակարդակի նվագախումբ, ում հետ համագործակցությունը մեծ պատիվ է լինելու ինձ համար, ինչի առիթով ես շատ հպարտ եմ ու երջանիկ»:

Համերգում հանդես կգան նաև ռուսական վոկալ դպրոցի փայլուն ներկայացուցիչներ՝ մեցցո-սոպրանո Օլեսյա Պետրովան և տենոր Գեորգի Վասիլևը:

Առաջիկա համերգին մասնակցում է նաև Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Համերգը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Վերդիի «Ռեքվիեմը» (1874թ.) հոգեհանգստյան պատարագ է: Գրվում է լատինատառ կանոնակարգված տեքստով՝ հնգամաս ավանդական կառույցի սկզբունքով (նախերգանքով և վերջերգով): Հիանալի ռեքվիեմներ են ստեղծել Մոցարտը, Բեռլիոզը, Բրամսը, Դվորժակը, Ֆորեն, Բրիտենը և այլ կոմպոզիտորներ: Ռեքվիեմը նվիրված է բանաստեղծ Ալեսանդրո Մանձոնիի հիշատակին:

Առաջին կատարումները կայացել են 1875-ին Միլանում՝ Սուրբ Մարկոս տաճարում և Լա Սկալա օպերային թատրոնում: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը շատ անգամներ է կատարել այս հանճարեղ ստեղծագործությունը Հայաստանում: Վերջին անգամ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ այն հնչել է երեք տարի առաջ՝ ի հիշատակ մեր ժամանակների դիրիժորական արվեստի հսկա Կլաուդիո Աբբադոյի: Վերդիի «Ռեքվիեմը» մաեստրո Թոփչյանի ամենասիրելի ստեղծագործություններից է, որին նա ամեն անգամ անդրադառնում է մեծ ոգևորությամբ և նոր մեկնաբանությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս