
Շավարշ Քոչարյանը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումների արդյունք է համարում շփման գծում լարվածության թուլացումը

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը դժվարանում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի հետ կապված հստակ գնահատական տալ, քանի որ Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ տալիս է համաձայնություն, սակայն հետո խոչընդոտում գործնթացը: Քոչարյանն այդ մասին նշեց՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարարների՝ դեկտեմբերի 6-ի հանդիպման արդյունքներին:
«Եթե Ադրբեջանն իրոք ցանկանում է ստատուս քվոյի փոփոխություն, ապա պետք է այդ գործելաոճը դադարեցնի»,- ասաց փոխնախարարը:
Անդրադառնալով արտգործնախարարների՝ հաջորդ տարեսկզբին կայանալիք հանդիպմանը և հարցին, թե ի՞նչ ակնկալել, Շավարշ Քոչարյանն ասաց, որ կարող ենք մի բան արձանագրել՝ հանդիպումները, որոնք դարձել են հաճախակի, համընկնում են նաև այն հանգամանքի հետ, որ լարվածությունը շփման գծում նվազել է: «Այդ տեսակետից հանդիպումները դրական են»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: