Բաժիններ՝

«Հայաստանում դեղերի բարձր գները ստիպում են, որ մարդիկ հարևան Վրաստանից դրանք ձեռք բերեն». Սամվել Զաքարյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողներին հայտնեց 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում գործարկվելիք դեղերի միասնական շուկայի, դրա հետևանքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց դեղերի թանկացման, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, դեղարտադրության և դեղերի ներմուծման ոլորտի խնդիրներին:

«Հայաստանյան դեղարտադրության օրենքները համապատասխանում են դեղարտադրության եվրոպական չափանիշերի՝ GMP բարձրագույն ստանդարտներին: Նախկին Սովետմիության հանրապետություններից միայն Հայաստանն է, որ դեղարտադրության ոլորտում նման բարձր որակավորում է ապահովել:

Հայաստանյան դեղարտադրողները դեղահումքերը գնում են GMP ստանդարտ սերտիֆիկատներով: Թե՛ Ռուսատանը, թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը, թե՛ Տաջիկստանը նմանատիպ ստանդարտներ չունեն: Սա հանգեցնում է արտադրության ընթացքում դեղի որոշակի թանկացման բաղադրիչի:

Սրան հակառակ՝ մենք ունենք նաև արտասահմանից դեղահումքերի Հայաստան ներմուծելու համար սահմանված 20 տոկոս ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ): Այս 20 տոկոս ԱԱՀ-ն, օրինակ, Ռուսաստանում կազմում է 12 տոկոս, Բելառուսում, Ղազախստանում, Տաջիկստանում, Վրաստանում և Ադրբեջանում ԱԱՀ առհասարակ չկա, ասեմ ավելին՝ Բելառուսի դեղարտադրող կազմակերպությունները, մեծամասամբ, պետական ընկերություններ են, որոնք, համապատասխանաբար, ստանում են պետական սուբսիդիա:

Արդյունքում, հայաստանյան դեղարտադրությունը, պայմանավորված բարձր որակներով և սահմանված հարկերով, ինքնարժեքի հաշվին այլ հանրապետությունների դեղարտադրողների հետ համեմատության մեջ բավականին անմրցունակ է դառնում»,- մտահոգություն է հայտնում Սամվել Զաքարյանը:

Բանախոսը նկատում է, որ ստեղծված իրավիճակում նմանօրինակ զարգացումները լուրջ խնդիրներ են ստեղծել դեղարտադրող ընկերությունների համար, և անհրաժեշտություն է առաջացել դիմելու ՀՀ վարչապետին՝ վերանայելու Հայաստանում դեղերի և դեղահումքի ներմուծման համար պահանջվող 20 տոկոս ԱԱՀ-ն.

«Դեղերի գների հետ կապված բողոքներ, իհարկե, կան, մենք էլ հասկանում ենք, որովհետև հայաստանցի ենք և մենք էլ մեր հերթին՝ ցանկանում ենք, որ դեղերը լինեն ավելի մատչելի, և, որ դրանց գները նվազման միտումներ գրանցեն: Հույս ունենք, որ Կառավարությունը կքննարկի և որոշակի լուծումներ կառաջարկի դեղերի և դեղահումքի ներմուծման համար սահմանված հարկերի վերաբերյալ:

Հիմնական փաստարկը, որ բերվեց մեր դեմ ՀՀ կառավարության և Ֆինանսների նախարարության կողմից՝ այն էր, որ 20 տոկոս ԱԱՀ-ի չեղարկումը դեռևս հիմքեր չի տալիս հաստատելու, թե դեղատները կամ դեղ ներմուծողներն ընդհանրապես կիջեցնեն դեղերի գները, եթե չլինի հակառակը՝ գերշահույթներ ստանալու ակնկալիքով՝ նրանք հանկարծ չորոշեն բարձրացնել դեղերի համար սահմանված գները:

Մեզ համար նմանատիպ փաստարկը շատ ծիծաղելի էր հնչում: Մենք ինքներս՝ մասնավոր հատվածի մի շարք ներկայացուցիչներով, ներկայացանք և ասացինք, որ համաձայն ենք իջեցնելու դեղերի գները, այնուհանդերձ մենք մերժում ստացանք»:

Բանախոսի հավաստմամբ, իրենց վրա պատասխանատվության բաժին ստանձնած դեղերի ներմուծողները, արտադրողները, ինչպես նաև՝ դեղատնային ցանցի ներկայացուցիչները ստորագրահավաքի տեսքով ակցիա անցկացնելու նախաձեռնություն են սկսել, որով հավաստիացնում են՝ 20 տոկոս ԱԱՀ-ի չեղարկման պարագայում զգալի կնվազեցնեն և ավելի մատչելի կդարձնեն դեղերի գները:

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ հանրապետության տարածքում դեղերի գնաճ չի սպասվում: Այս մասին հաստատում է ասուլիսի բանախոս, ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը և հավելում.

«Հայաստանում դեղերի բարձր գները ստիպում են, որ մարդիկ հարևան Վրաստանից դեղեր ձեռք բերեն, տաքսիների վարորդների կամ չգիտես ինչ ճանապարհներով դրանք հասցնեն Հայաստան, որն իր մեջ ոչ միայն անվտանգության, այլ նաև կոնտրաբանդայի տարրեր է պարունակում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս