Ռուբեն Մելքոնյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում 21 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Այս մասին տեղեկացրին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից:
Դեռևս սեպտեմբերին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ 162 §76 հրամանով՝ մինչև ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի պարտավորությունները ստանձնած Ռուբեն Մելքոնյանն այսօր պաշտոնապես ընտրվեց որպես ֆակուլտետի դեկան:
Նշենք, որ մինչ այդ 1992 թ.-ից Արևելագիտության ֆակուլտետը ղեկավարում էր երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանը:
Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, բռնի կրոնափոխ հայության խնդիրները, ինչպես նաև հայկական թեմատիկան թուրքական գրականության մեջ: