Երևանում նշվեց Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամեդ ալ Կասիմին կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի՝ ԱՄԷ-ի հիմնադրման 46-ամյակին: Ընդունելությանը հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Ընդունելության բացման խոսքում, դիմելով ներկաներին, Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամեդ ալ Կասիմին մասնավորապես նշեց.
«Արաբական Միացյալ Էմիրությունները 2017թ. դեկտեմբերի 2-ին նշում է իր հիմնադրման 46-րդ ամյակը: 1971 թվականի այս օրը երկրի էմիրությունները միավորվեցին մեկ պետության մեջ, որը դարձավ կայուն զարգացման, առաջընթացի և աճի առաջատար մոդել Մերձավոր Արևելքում և նրա սահմաններից դուրս:
ԱՄԷ հիմնադիր Շեյխ բն Զայիդ Սուլթան ալ-Նահյանն առաջինն էր, ով հիմք դրեց քաղաքացիների բարեկեցությանը հասնելու համապարփակ ազգային ռազմավարության սկզբունքներին, իսկ ԱՄԷ նախագահ նորին մեծություն Շեյխ Խալիֆա բն Զայիդ ալ-Նահյանը, ստանձնելով իր հոր պարտականությունները, շարունակեց այս մարտավարությունը՝ հաղթահարելով հավասարակշված պետություն կառուցելու, եկամտային աղբյուրները դիվերսիֆիկացնելու, տարբեր ոլորտներում աճի նոր ցուցանիշներ ապահովելու և հավասարեցնելով կենսամակարդակի բարելավման բոլոր մարտահրավերները:
Օգտվելով այս առիթից, ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին՝ փաստելով, որ այդ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի վրա, ինչն անցյալ տարի հասավ ռազմավարական գործընկերության մակարդակի:
Հարկավ, ՀՀ նախագահի կատարած վերջին այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի սպասվելիք այցը Հայաստան, ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հուլիսին կատարած այցը Երևան, ինչպես նաև Հայաստանի և Էմիրությունների նախարարների փոխայցերը վկայում են առկա հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու երկուստեք ցանկության մասին:
Ինչ վերաբերում է առևտրաշրջանառությանը, տնտեսական և մշակութային հարաբերություններին, ապա այստեղ ևս նկատվում են շարունակական զարգացման և աճի միտումներ, ինչի վառ ապացույցն է երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճը, որը 2017թ.-ի 9 ամիսների ընթացքում հասել է մոտ 140 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցված 71 միլիոն դոլարի փոխարեն:
Հարկ է արձանագրել նաև, որ այժմ Էմիրաթական ավիաընկերությունները՝ «Ֆլայ Դուբայ»-ը և «Էյր Արաբիա»-ն, Հայաստանի և Էմիրությունների միջև իրականացնում են շաբաթական 18 չվերթ, և սա այն դեպքում, երբ նախորդ տարի իրականացվում էր ընդամենը 6 չվերթ:
Բացի այդ, վերջերս վավերացվեց նաև Հայաստանի և Էմիրությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը, որը, վստահ եմ՝ մեծապես աջակցելու է երկու երկրների միջև ներդրումների աճին:
Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը և Հայաստանում էմիրաթական ներդրումների աճը փաստում են Հայաստանի տնտեսության նկատմամբ Էմիրությունների բիզնես ոլորտի վստահության մասին, ինչին նպաստել են նաև մեր հայ գործընկերների հետևողական ջանքերը:
Ակնկալում ենք, որ առաջիկայում կգումարվեն հայ-էմիրաթական համատեղ հանձնաժողովի հանդիպումներ՝ հատկապես հաշվի առնելով, որ համատեղ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իմ բարեկամ պարոն Արմեն Գևորգյանը: Ես վստահ եմ, որ նրա նախագահության ներքո հանձնաժողովը մեծ ձեռքբերումներ կունենա, և այն ունակություններն ու հատկանիշները, որոնցով օժտված է պարոն Գևորգյանը, անշուշտ, խթանելու են դրանք:
Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնը առիթ է հանդիսանում ևս մեկ անգամ նշելու մեր երկրի ձեռքբերումները ու համակողմանի զարգացման ուղին, ինչն իրականություն է դարձել ղեկավարության հեռատեսության և էմիրաթական հասարակության ջանքերի շնորհիվ»:
Ընդունելությանը ներկա՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ջասիմ Մուհամեդ ալ Կասիմին կազմակերպած ընդունելության համար՝ փոխադարձ վստահություն հայտնելով հայ-էմիրաթական երկկողմ զարգացման առնչությամբ:
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Երեկոն շարունակվեց Էմիրաթական մշակույթի և հյուրասիրության ավանդույթների ներկայացմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: