«Ստացվել է հավակնոտ համաձայնագիր». Կարեն Նազարյան
«ԵՄ-ն հանդիսանում է մեր քաղաքական և առևտրային հիմնական գործընկերներից մեկը և նրա հետ մեր հարաբերությունների օրակարգը շարունակում է մնալ բավականին հագեցած»,- այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը` ներկայացնելով ԵՄ-ի հետ բանակցությունների ընթացքն ու որոշ մանրամասներ։
Ըստ նրա՝ արդյունքում ստացվել է հավակնոտ համաձայնագիր, որի իրականացումը ԵՄ հետ ՀՀ-ի գործընկերության ընդլայնման կարևրագույն քայլ կհանդիսանա։
«Ստորագրված համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է, նպատակաուղղված աշխատանքի արդյունք, որի համար շնորհավորում եմ»,- ասաց փոխնախարարը։
Փոխնախարարն անդրադարձավ համաձայնագրի 4 մասերին՝ նպատակներին և ընդհանուր սկզբունքներին, քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, համագործակցություն արտաքին և անվտանգության ոլորտին, արդարության և ազատություններին առնչվող հարցերին։
Կ. Նազարյանը նշեց, որ փաստաթուղթը հաստատում է ԵՄ հանձնառությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքների նորմերի սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, տարածքային ամբողջականության վրա. «Այս փաստաթուղթը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք»։
«Համաձայնագրի վավերականացման հարցում կարևոր է յուրաքանչյուրիս ներգրավվածությունը»,- հավելեց Կ.Նազարյանը։