«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է». Վաչե Գաբրիելյան
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը խոշոր ձեռքբերում է՝ ուղղված Հայաստանի և ԵՄ երկրներ հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը և այն կնպաստի ՀՀ-ում քաղաքական, տնտեսական, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։
«Փաստաթուղթը պարունակում է իրապես համատեղելիություն Հայաստանի բոլոր առկա պարտավորությունների հետ և այս համատեղելիության շրջանակներւմ հնարավորություն է տալիս զարգացնելու հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ շրջանակներում, թե՛ Եվրոպայի հետ առավել խորը համաձայնագրում։
Բնականաբար, այն առևտրային չէ, սակայն տնտեսական բազմաթիվ կանոնակարգումներ ևս առկա են այս համաձայնագրում, որը նշանակում է, որ մենք չենք խոսում միայն կարևորագույն ժողովրդավարության ինստիտուցիոնալ կայացման երկխոսության մասին, քաղաքական շրջանակների մասին։
Այն ունի նաև տնտեսական հնարավորւթյուններ։ Եվ ամենակարևորը՝ առկա է երկխոսություն այս ոլորտում ևս՝ տեխնիկական կարողությունների բարձրացման, ինստիտուցիոնալ ռեֆորմների կայացման և այս առումով մեր եվրոպացի գործընկերների հետ անընդհատ երկխոսություն ծավալելու նպատակով»,- ասաց Վ.Գաբրիելյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն կարող է մերձեցնել Եվրոպական և Եվրասիական միությունների փոխգործակցության հնարավորությունները և կլինի այն առաջամարտիկը, որն այդ ձևաչափերը կփորձի առաջինը ներդնել, և այս առումով համաձայնագիրը կարևոր է միջազգային տեսակետից։
Անդրադառնալով Բրյուսելում միաժամանակ նախաստորագրված Հայաստանի եվրոպական միացյալ ավիատարածքին միանալու համաձայնագրին, Վ.Գաբրիելյանը կարևորեց ՀՀ հաղորդակցման ուղիների ընդլայնման առումով, ինչպես նաև կարևորեց արդյունքում ընձռված տնտեսական հնարավորությունները. «Մենք վստահ ենք, որ շատ շուտով այն ևս կիրագործվի»։