«Մենք նպատակ չունենք մեր հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին». Արա Բաբլոյան

Հայաստանը և Եվրոպան կապող պատմական բազում թելեր կան, իսկ այժմ ստեղծվում են մեր փոխհարաբերությունների նոր պատմություն՝ հենված անցյալի վրա և ուղղված ապագային։ Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը։ Նա հավաստիացրեց, որ դրա համար կա անհրաժեշտ քաղաքական կամքը։

«Սակայն մենք նպատակ չունենք մեր հարաբերությունները կառուցել որևէ այլ երկրի կամ կառույցի հետ համագործակցության հաշվին»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀ-ն երբեք չի հակադրել բարեկամների շահերը, այլ փորձել է համադրել դրանք։

Ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը եզակի է, քանի որ Հայաստանն իր պատմական ու աշխարհագրական դիրքով կամրջում է Եվրոպական ու Եվրասիական միությունները։
ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է եվրոպական անվտանգության համակարգը, որը հիմնվում է յուրատեսակ եռնակյունու վրա` Եվրամիություն, ԵԱՀԿ և ՆԱՏՕ։ Ընդ որում, ըստ նրա, ԵԱՀԿ-ն Արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ կառույցն է՝ ի դեմս Մինսկի խմբի համանախագահության։

Ա.Բաբլոյանի դիտարկմամբ՝ ՀՀ համար կարևոր նշանակություն ունի նաև ՀԱՊԿ-ին անդամակցումը.

«ՀՀ-ն լավագույնս կարող է հավասարակշռել համագործակցությունն ավտանգության այս երկու համակարգերի հետ՝ միաժամանակ որոշակի դեր ունենալով նաև նրանց միջև առկա խնդիրների հարթեցմանը նպաստելու գործում»։

Տեսանյութեր

Լրահոս