Լոնդոնի քաղաքագլուխը չի ցանկանում Թրամփին ընդունել Twitter-սկանդալից հետո
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտարարել է, թե չի ցանկանում, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այցով Լոնդոն ժամանի նրա հերթական սկանդալային Twitter-հաղորդագրությունից հետո։
Նոյեմբերի 29-ի առավոտյան Թրամփն իր օգտահաշվում մեջբերումներ է զետեղել հակամուսուլմանական բովանդակության տեսահոլովակներից: Տեսահոլովակները հրապարակել է բրիտանական Britain First ծայրահեղ աջ կազմակերպության ղեկավարներից մեկը: Երկու սյուժեներում, որոնց իսկությունը հայտնի չէ, ենթադրաբար, ներգաղթյալ մահմեդականները հարձակվում են մարդկանց վրա, տեսահոլովակներից մեկում ջարդում են Կույս Մարիամի արձանը:
«Նախագահ Թրամփն օգտագործել է Twitter-ը՝ գովազդելու ծայրահեղականների նողկալի խմբին, որը գոյություն ունի սոսկ այն բանի համար, որ մեկուսացում եւ ատելություն սերմանի մեր երկրում: Այժմ էլ ավելի ակնհայտ է, որ նախագահ Թրամփի ցանկացած պաշտոնական այց Մեծ Բրիտանիա չի ողջունվի»,- նոյեմբերի 30-ին հայտարարել է Խանը:
Քաղաքապետի խոսքով՝ ինքն ավելի վաղ արդեն վարչապետ Թերեզա Մեյին կոչ է արել հետ կանչել իր հրավերը Թրամփին:
Մինչդեռ ավելի վաղ այն բանից հետո, երբ Մեյի ներկայացուցիչն անհամաձայնություն է հայտնել Թրամփի թվիթներին, ԱՄՆ-ի նախագահը, նույնպես Twitter-ի միջոցով, Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ է արել կենտրոնանալ ահաբեկչության դեմ պայքարի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: