
«Թուրքիան երբևէ չի կարող անելիք ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում». Շարմազանովի պատասխանը՝ Չավուշօղլուին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է սատարել Ադրբեջանի ցանկացած որոշման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ Չավուշօղլուի նման հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Թուրքիայի քաղաքական ղեկավարության ապակառուցողական և հակահայկական էությունը:
«Պարոն Չավուշօղլուն այս հայտարարությամբ ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող երբևէ անելիք ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչպես նաև վերահաստատվեց Թուրքիայի ապակայունացնող բնույթը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Շարմազանովը:
Նա շեշտեց, որ արցախյան հիմնահարցում առաջընթացը հնարավոր է նախևառաջ Արցախի ժողովրդի պարտադիր կամարտահայտության միջոցով: Շարմազանովը վստահ է, որ այլ ելք չի կարող լինել: