Ի՞նչ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար, եթե ԵՏՄ-ն որոշի օրենսդրության մոտարկման պահանջ ներկայացնել

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի պահանջներից մեկն օրենսդրության մոտարկումն է, իսկ ԵՏՄ-ի հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրում նման պահանջ չկա։ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ եթե ԵՏՄ-ն էլ իր հերթին՝ հետագայում մոտարկման պահանջ ներկայացնի, ի՞նչ խնդիրներ կառաջանան Հայաստանի համար։

Ի պատասխան՝ Ղազինյանն ասաց, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանը ստանձնել է կոնկրետ պարտավորություններ, որտեղ ԵՏՄ շրջանակում ընդունված նորմատիվ իրավական ակտերն անմիջականորեն գործում են ազգային իրավական համակարգում, և կոնկրետ ոլորտներում ՀՀ-ն այլևս ինքնիշխանություն չունի՝ որոշումներ կայացնելու.

«Այսինքն՝ այստեղ մոտարկման խնդիր, ըստ էության, դրված չկա, պետք է դրվի ներդաշնակեցման հարց այն բոլոր ոլորտներում, որոնք փոխանցված են ԵՏՄ իրավասությանը։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրին, ապա այն բոլոր ոլորտները, որ նշված են այդ համաձայնագրում, դրանց շրջանակներում իրականացվող համագործակցության արդյունքում պետք է մոտարկվեն ՀՀ-ում ընդունված և գործող օրենսդրությունները ԵՄ-ի չափանիշերի հետ, այլապես նախանշված համագործակցությունն ուղղակիորեն չի ստացվի, քանի որ կլինի բոլորովին այլ կանոնակարգում»։

Հետևաբար, ըստ վերլուծաբանի՝ եթե ԵՏՄ-ն ինչ-որ մի պահի որոշի նաև միջամտել այդ ոլորտներին և կարգավորել դրանք, ապա այդ դեպքում կբախվի բավական բարդ իրավիճակի հետ, քանի որ Հայաստանն արդեն միջազգային պայմանագրով ստանձնել է կոնկրետ պարտավորություն՝ համապատասխանեցնել, մոտեցնել իր օրենսդրությունը ԵՄ չափանիշերին.

«Այսինքն՝ սա կարելի է համարել ստարտային կետ, որ այսուհետ այն բոլոր ոլորտները, որոնք բաց են մնացել ԵՏՄ պայմանագրով նախատեսված ոլորտներից, հանդիսանում են ԵՄ-ի հետ համագործակցության հստակ նախանշված ոլորտներ, և այնտեղ գործում են ԵՄ օրենսդրությունը մոտարկելու կանոնները։

Այն ոլորտներում, որոնք վերապահված են ԵՏՄ բացառիկ իրավասությանը, համապատասխանեցնելու խնդիր չկա, քանի որ այնտեղ ընդունված բոլոր նորմատիվ իրավական ակտերը գերակայող ուժ ունեն, գործում են մեր իրավական համակարգում անմիջականորեն, օրինակ՝ ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, այսինքն՝ դրա հիման վրա Հայաստանում իրականացվում են մաքսային կանոնակարգումներ, տարիֆներից սկսած՝ մինչև ամբողջական ընթացակարգերը, որը սահմանվում է ԵՏՄ մաքսային օրենսգրքով։ այսինքն՝ այստեղ մենք ներքին օրենսդրության համապատասխանեցման խնդիր, ըստ էության, չունենք»։

Մեր հարցին՝ ԵՄ առաջարկած օրենսդրական որոշ փոփոխություններ արդեն արժանանում են հասարակության դիմադրությանը, մասնավորապես՝ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը․նման մոտեցումն ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել, նա այսպես պատասխանեց.

«Դա առհասարակ վերաբերում է ՀՀ ընդհանուր կառավարման համակարգի ավելի լուրջ խնդրին, այսինքն՝ պետք է ընդունվեն այնպիսի օրենքներ, որոնք կփոխեն կառավարման համակարգը և մարդու նկատմամբ պետության վերաբերմունքը։

Այսինքն՝ ձեր նշած օրենքով, փաստորեն, ամրագրվում է պետության սոցիալական պատասխանատվությունը՝ օժանդակել և օգնել սոցիալապես խոցելի խավերին, մասնավորապես՝ երեխաներին, կանանց և ընտանիքում բռնության ենթարկվողներին։

Սա շատ նորմալ երևույթ է, ուղղակի դիմադրությունը պայմանավորված է երկու հանգամանքով՝ առաջին, որ այն ուղղորդվում է անմիջականորեն դրսից, այսինքն՝ ոչ շահագրգիռ կառույցներից, և երկրորդ՝ ուղղակի մեր հանրության մի ստվար զանգված բավականաչափ տեղեկացված և կրթված չէ, որպեսզի հասկանա, թե ինչին է վերաբերում օրենքը։

Այդ՝ չկրթված լինելու հանգամանքը դառնում է բավական լուրջ գործիք՝ մանիպուլյացիայի և սպեկուլյացիայի ենթարկելու համար ամբողջ պրոցեսը»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ հետևանքներ կունենա նմանատիպ օրենքների չընդունումը։ Ի պատասխան՝ Արթուր Ղազինյանն ասաց, որ Հայաստանն ընդունում է պարտավորություն՝ իր օրենսդրությունը մոտարկելու, և ապա նաև՝ ԵՄ-ի համար նշանակություն և կարևորություն ունեցող նորմատիվ ակտերի ընդունման համար.

«Որևէ կոնկրետ պատասխանատվություն չընդունման պարագայում ես չեմ տեսնում, ուղղակի կարող են առաջանալ որոշակի խնդիրներ՝ ֆինանսական օժանդակության, բյուջետային աջակցության և այլ գործիքների իրականացման հարցում։ Այսինքն՝ դրված են նախապայմաններ, որ՝ դուք կընդունեք այս օրենսդրությունը, և արդյունքում՝ կստանաք ահա այսպիսի ֆինանսական կամ տեխնիկական օժանդակություն։

Այսինքն՝ շահագրգռված կողմն այս պարագայում Հայաստանն է, ոչ թե ԵՄ-ն, եթե մենք չենք հասկանում մեր շահը, ապա ստիպված պետք է մեզ ինչ-որ մի ձևով պայմանականության սկզբունքով առաջարկեն, որ՝ ձեզ պետք է այս օրենքը, դուք այս օրենքն ընդունեք, մենք ձեզ դրա համար կտրամադրենք ֆինանսական և տեխնիկական օժանդակություն»։

Տեսանյութեր

Լրահոս