Սամվել Ալեքսանյանը՝ «գիդ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Սամվել Ալեքսանյանն ավելի շատ «գիդ» է, քան խմբի ղեկավար: Նա ընդունում է Իրաքից Հայաստան ժամա­նած բիզնեսմեններին, պաշտոնյաներին, պատիվ տալիս, զվարճացնում եւ այլն, իսկ արարողակարգային հանդիպումները վարում են խմբի շարքային անդամները:

Վեցերորդ գումարման ԱԺ-ում կրկին վե­րաբացված հայ-իրաքյան խումբը դեռեւս մեկ պաշտոնական հանդիպում է ունեցել՝ նոյեմբերի սկզբին հյուրընկալել է Իրաքի ներկայացուցիչների խորհրդի գործընկեր­ներին, որից հետո Ալեքսանյանն ապահո­վել է այս խմբի «տուրը»՝ արդեն խորհր­դարանից դուրս:

Ալեքսանյանի նախագահած հայ-իրաքյան խմբի անդամներն են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը, Արսեն Միխայլովը, Սասուն Միքայելյանը, Կնյազ Հասանովը, Ար­ման Սահակյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Հայկ Բաբուխանյանը: «Ղեկավար ասվածն ունի կազմակերպչական բնույթ, դուք ինչո՞ւ եք այդքան սեւեռվել»,- մեր հարցին նեղսրտած պատասխանեց Ռուստամ Մախմուդյանը եւ ասաց, որ ղեկա­վարի հարցը չի քննարկվել իրենց հետ, ինքը չի կարող մեր «անմեղ» հարցին պա­տասխանել, թե ինչու հենց Ալեքսանյանը պետք է ղեկավարի խումբը:

Փոխարենը նրա քուրդ գործընկեր Կնյազ Հասանո­վը գիտի պատճառը. «Դե, Ալեքսանյանն Իրաքի հետ կապ ունի՝ առեւտրի գծով»: Իսկ իր բիզնեսների գործերով պարբերա­բար Իրաք այցելող Ալեքսանյանը չի պատ­րաստվում այց կազմակերպել, խմբին Իրաք տանել:

«Հո մենք մանկապարտեզի երեխա չենք, ինքն էլ՝ դաստիարակ, որ տանի՝ ման տա»,- ասաց Մախմուդյանը: «Այդ հարցը չի քննարկվել»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2000 թվականին պատգամա­վոր Ղուկաս Ուլիխանյանի նախաձեռնու­թյամբ ստեղծվեց հայ-իրաքյան բարեկա­մական հանձնաժողով: Եվ չնայած այն ժամանակ էլ միջազգային պատժամիջոց­ներ էին կիրառվում Իրաքի նկատմամբ, այդուհանդերձ, խմբի անդամներն իրենց գործունեության 4 տարվա ընթացքում 6 անգամ այցելել են Իրաք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս