«Սա բոլոր ոչ մեծ երկրների երազանքն է»
«Նախ և առաջ Եվրամիության հետ պայմանագրի կնքումը Հայաստանին հնարավորություն է տալիս դիվեսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը: Պարզ ասած` թույլ է տալիս ունենալ մի քանի այլընտրանքային սցենարներ և հավելյալ հնարավորություններ` իր միջազգային շահերը պաշտպանելու համար: Բացի այդ, Հայաստանն ավտոմատ դառնում է կարևոր միջազգային բանակցային հարթակ, որը վստահություն ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմտյան Եվրոպայի երկրների կողմից: Սա բոլոր ոչ մեծ երկրների երազանքն է, որ փորձում են ուղիներ գտնել խոշոր խաղացողների միջև միջնորդ դառնալու համար: Այնպես, որ Հայաստանին կարելի է շնոհավորել պատմական ձեռքբերման առթիվ»,- 168.am-ին ասել է Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը` խոսելով օրերս Հայաստան-Եվրամիություն համապարփակ համաձայնագրի ստորագրման մասին:
Ըստ նրա` ԵՄ-ի հետ պայմանագիրը տարածաշրջանում իրադրության կայունացմանը նպաստող ևս մեկ անուղղակի գործոն է, համենայն դեպս, Եվրամիության առանցքային երկրներին ավելի դժվար կլինի չլսել Հայաստանի ձայնը` հակամարտության հետ կապված ակտուալ խնդիրների վերաբերյալ.
«Իսկ Ռուսաստանի համար առավել կարևոր է տարածաշրջանում կայունությունը: Շատ կարևոր է, որ Եվրամիության հետ փաստաթղթի ստորագրման գործընթացը ներքին հակամարտություն չի առաջացրել Հայաստանում: Կարծում եմ, որ միայն դրա համար Ռուսաստանի ղեկավարությունը բավարարվածություն է զգում:
Այս գործընթացի շուրջ ամբողջ «բացասականը» շրջանառվում է փորձագետների փոքր խմբի ներսում, որոնց աշխատանքը սահմանափակվում է Անդրկովկասում իրադարձությունները մեկնաբանելով: Այդ խումբը, ինչպես նաև նրա ներկայացուցիչների հրապարակային գնահատականները հասարակության լայն շերտերի վրա ազդեցություն չունեն: Նրանց պետք է հանգիստ վերաբերվել, ինչպես աշնան վերջում անխուսափելի սառը անձրևներին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում: