«Ռուսաստանը հանձնվում է Արևմուտքին և հանձնում է յուրայիններին». Ազատ Արշակյան
«2013թ. սեպտեմբերին Ռուսաստանը վերելքի մեջ էր, նա ձեռնոց էր նետել Արևմուտքին և արևմտյան արժեքային համակարգին, փորձում էր վերականգնել նախկին Սովետական Միությունը։ Հասկանալի էր, որ ՀՀ մուտքը ԵՄ-ը որևէ ձևով Սովետական Միությունից փախչել էր նշանակում, և պարզապես թույլ չտվեցին Հայաստանին անել դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Բայց հետագայում, ըստ նրա՝ երկրորդ սառը պատերազմի արագ զարգացումը փոխեց իրավիճակը. «Կայսրությունը վերականգնելու Ռուսաստանի ռեսուրսները չնչին են։ Եթե նրանք կարողանային կայսրությունը վերականգնել, ապա 25 տարի առաջ չէին կորցնի։ Ռուսաստանը նահանջում է, զիջումներ է անում։ Այդ զիջումներից մեկը նախկին ԽՍՀՄ 6 հանրապետություններն Արևմուտքին հանձնելն էր. հանձնեց առանց աղմուկի։ Ռուսաստանը հանձնվում է Արևմուտքին և հանձնում է յուրայիններին։ Թող մերոնք ականջներին օղ անեն՝ իրենց լքում է Ռուսաստանը ճիշտ այնպես, ինչպես 90-ական թվականներին։ Մեր պատեհապաշտ իշխանությանը կոչ եմ անում՝ անցնել հաղթողների կողմը։ Արևմուտքը հաղթում է»։
Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Դավիթ Գասպարյանի կարծիքով էլ՝ մենք պետք է բաց լինեն թե՛ դեպի Արևելք, թե՛ դեպի Արևմուտք. «Ռուսաստանը մեր ռազմական դաշնակիցն է, նրա հետ մենք կապված ենք աշխարհաքաղաքական հազար ու մի շահերով, բայց դա չի խանգարում, որ համագործակցենք նաև Արևմուտքի հետ։ Մենք պետք է կարողանանք խելոք, հավասարակշիռ քաղաքականություն տանել, և դրանից ժողովուրդը կշահի»։