Մնա՞լ, թե՞ չմնալ ԵԱՏՄ-ում` ԱԺ-ի քաղաքական օրակարգը

«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն այսօր թեժ մթնոլորտ էր ստեղծել ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում:

Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Ազգային ժողովը պետք է արձանագրի ԵԱՏՄ-ին միանալուց հետո մի շարք ոլորտներում տեղի ունեցած բացասական հետևանքները` չի ամրապնդվել ՀՀ անվտանգությունը, կրճատվել են ՀՆԱ-ն, զբաղվածության մակարդակը, աճել է պետական պարտքը, և այլն:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կրկնեց նույն թեմայի շուրջ օրեր առաջ անցկացված խորհրդարանական լսումների ժամանակ հնչեցրած միտքը` ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին բխում է ՀՀ ազգային և պետական շահերից, և հակառակը, կարծում ենք՝ վնասակար է լինելու ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի համար:

«Հակառակը պնդելն իրավիճակի օբյեկտիվ գնահատական չի»,- ասաց նա` վստահեցնելով, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին ոչինչ չի կարող վնասել, և ԵՄ համաձայնագիրն էլ ի հաշիվ հայ-ռուսական հարաբերությունների չի եղել:
Հիշեցնելով, որ նախընտրական քարոզչության ժամանակ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը միայն «Ազատ դեմոկրատներն» էին բարձրացնում, բայց նրանք ԱԺ չանցան, Ա.Աշոտյանը հայտարարեց, որ այս հարցը ոչ թե ժամանակավրեպ է, այլ այն ՀՀ քաղաքական օրակարգում գոյություն չունի:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանի կարծիքով` Եվրամիության հետ պայմանագիրը դեռ նոր է ստորագրվել, թանաքը դեռ չի չորացել, և այս խմորը շատ ջուր է քաշելու:

Է.Մարուքյանը նշեց, որ «Ելքն» աջակցում է ԵՄ-ի հետ գործընթացին. «Դա շատ լավ է և բխում է ՀՀ-ի շահերից, բայց դա կապ չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի հետ»: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի դեռ տնտեսական հարվածները քիչ են եղել, քանի որ հետագայում ավելի բարդ կլինի:

ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոոսյանի կարծիքով` Հայաստանի ԵԱՏՄ մասնակցությունը չի խանգարում Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերություններում, քանի որ երկուսի հետ էլ ազատ առևտրի պայմանագրեր ունենք, Իրանի հետ Մեղրիում ազատ առևտրի գոտի ենք ձևավորում, իսկ Վրաստանը միակ ուղին է, որ ազատ տրանզիտ է ապահովում. «Ուկրաինան և Վրաստանը շատ թանկ են վճարել միայն մեկ կողմնորոշման պատճառով: Շատ բարդ է մի կառույցում միայն տնտեսական հարաբերություններ զարգացնել` առանց քաղաքական կոմպոնենտի»:

Է.Մարուքյանի խոսքով` ԵԱՏՄ-ն խանգարում է ոչ միայն Իրանի ու Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, այլև խոչընդոտ կլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը, երբ սահմանը բացվի. «Այդ սահմանը ցմահ փակ չի մնալու, բայց երբ կբացվի, այդ պայմանագիրը կխանգարի նաև Թուրքիայի հետ հարաբերություններին»:

Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի թանկ վճարելու համեմատությունը, ըստ նրա, տեղին չէ, քանի որ ԼՂ հակամարտությունը տարբերվում է բոլոր մյուս հակամարտություններից:

ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը խոսեց Պուտին-Թրամփ, Պուտին-Էրդողան, Պուտին-Էրդողան-Ռուհանի և ՌԴ նախագահի այլ հանդիպումների, Բրյուսելում Ռուսաստանի անտեսման մասին և կոչ արեց մտածել ՀՀ հեղինակությունը տարածաշրջանում բարձրացնելու մասին: Նա մեջբերեց ռուս բանաստեղծ Տյուտչևի տողերը` «В Россию надо верить»:

«Ելքի» պատգամավոր Արարատ Միրզոյանը շեշտեց, որ խոսքը տնտեսական բնույթի կառույցից դուրս գալու գործընթաց սկսելու մասին է, և, անկախ ԵՄ-ից, այս տնտեսական կառույցը մեզ ձեռնտու չէ.

«Մենք խոսում ենք տնտեսական մի միությանը Հայաստանի անդամակցության մասին, դուք խոսում եք Ռուսաստանի մասին: Եկեք ազնիվ լինենք և խոսենք բուն խնդրի մասին: Դուք ասում եք` Ռուսաստանը մի բոբո ա, մի ուժային կենտրոն ա, որի հետ պետք ա լավ լինել, որովհետև եթե լավ չլինենք, մեզ վատություններ կանի»:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ն ասոցիացվում է Խորհրդային Միության հետ, և հիշեցրեց այն տարիների մի ասացվածք` չկա լիմոն, մանդարին, դատապարտեմ այսպիսի նոր տարին. «Այսօր Վրաստանից 5 կգ մանդարին ներկրելու համար հարկավոր է 4 կգ փաստաթուղթ` քիմիական, միջուկային, կենսաբանական և այլն, և դա ԵԱՏՄ-ի նոր նվաճումն է»:

Ն.Փաշինյանը ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրումը համեմատեց նախկինում «Արմենիկումի», ատոմակայանի կառուցման, հայ-իրանական երկաթուղու կառուցման հետ, որոնք ցնցեցին Հայաստանը: Ըստ նրա` սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը հաջորդ տարի գրոհելու է իշխանությունը:

«Բոլորը պետք է իմանան, որ ՀՀ քաղաքական օրակարգում նման հարց կա: Մենք թույլ չենք տալու՝ ամեն անգամ վախի ազդեցության տակ ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու շահերը ոտնահարեն: Այս քաղաքական օրակարգը քվեարկվելուց հետո էլ դուրս չի գալու, մնալու է օրակարգում»,- հայտարարեց Ն.Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս