«Կանանց կոնսուլտացիայից տեղեկանք են տանում, որ երկու երեխա ունեն, և ազատվում բանակից. հակառակորդը դա գնահատում է». Ազատ Արշակյան
«Սամվել Բաբայանը ՕՐՕ դաշինքում կարևոր դերակատարություն ուներ, և նրան մեկուսացնելով՝ ծանր հարված հասցվեց ՕՐՕ դաշինքի ընտրարշավին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Ակնհայտ մի բան տեղի ունեցավ՝ ՕՐՕ դաշինքի պարտվելով՝ ՀՀ ԱԺ-ից դուրս մնացին երկու արևմտահայ քաղաքական գործիչ և շատ նախկին զինվորականներ։ Այդ օպերացիան հաջող անցավ։ ՕՐՕ դաշինքը խաղից դուրս մնաց Սամվել Բաբայանին մեկուսացնելու հետևանքով»,- ասաց նա։
Արշակյանի խոսքով՝ այդ ամենից շահեցին բանակից խուսափած մարդիկ, որոնք, ըստ նախկին պատգամավորի՝ զբաղեցրին ազատամարտիկների տեղերը.
«Շահեցին նաև գավառամիտները, որոնք զբաղեցրին արևմտահայ քաղաքական գործիչների տեղերը։ Ակցիան ավարտվել է, և շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո Սամվել Բաբայանին և մյուսներին բաց կթողնեն, որովհետև իրենք իրենց նպատակին հասել են։ Նպատակը պատեհապաշտների ԱԺ ունենալն էր, դա ստացվել է, գլխավոր խնդիրը լուծվել է՝ ԱԺ-ն պատեհապաշտների խումբ է»։
Ազատ Արշակյանը նկատեց՝ ԱԺ-ում բժշկի տեղեկանքով մարտիկներ կան. «Բժշկի տեղեկանքը ռազմաճակատում հազար տանկ արժե, հակառակորդը դա գնահատում է։ Կանանց կոնսուլտացիայից տեղեկանք են տանում, որ երկու երեխա ունեն, և ազատվում բանակից։ Դրա համար էլ տեսնում եք՝ վերջերս խեղճացել է հակառակորդը, դիվերսիաներ չկան, որովհետև ԱԺ-ում բժշկի տեղեկանքով մարտիկներ կան։ Քաղաքական նկատառումներով ազատազրկված ազատամարտիկներն անպայման կազատվեն առաջիկայում։ 2018թ. մեծ փոփոխություններ կլինեն, քաղաքական կամք կդրսևորվի, և մարդիկ կազատվեն»։