Բաժիններ՝

Հայաստանի համար գազի գինը 2018թ. կմնա 150 դոլար՝ 1000 խմ-ի համար. Հարցը կառավարության օրակարգում է

Ռուսաստանը բնական գազի գինը Հայաստանի համար, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, կպահպանի 150 դոլար՝ 1000 խոր. մետրի համար: Այդ մասին նշված է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության կնքման առաջարկության մեջ: Արձանագրության ստորագրման հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում:

«Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը։ Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում արձանագրության ստորագրումը Հայաստանի կողմից»,- նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ մինչ 2016 թ. ապրիլը ՌԴ-ն ՀՀ-ին գազը մատակարարում էր 165 դոլարով: Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած այցի շրջանակում պայմանավորվածություն էր ձեռք բերվել սակագինը նվազեցնել մինչև 150 դոլար, և ստորագրվել էին համապատասխան փաստաթղթեր: Իսկ այս տարի հոկտեմբերի վերջին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան այցի ժամանակ հայտարարվեց, որ հաջորդ տարի Հայաստանի համար սահմանված գազի գինը կմնա անփոփոխ, չնայած մինչ այս պայմանավորվածություն կար այլ չափանիշերի շուրջ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս