Նոր շանս սնանկ պարտապանների համար՝ ՊԵԿ-ից
Պետական եկամուտների կոմիտեն փորձելու է ավելի մեղմ գտնվել սնանկ պարտապանների հանդեպ։ Կառավարության առաջիկա՝ նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է որոշակի ժամկետով ձեռնպահ մնալ ՀՀ պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց։
Մասնավորապես՝ կոմիտեի կողմից մինչև պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմում ներկայացնելը, կիրառվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ հարկադիր գանձման հնարավորությունները, ինչպես նաև գործող և մասնակի վճարունակ պարտապաններին հնարավորություն է ընձեռվելու առանց լրացուցիչ պարտավորություններով ծանրաբեռնվելու (դատական ծախս, կառավարչի վարձատրություն, վարչական ծախսեր և այլն) կատարել վճարումներ և վերացնել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի հիմքերը:
ՊԵԿ-ը ՀՀ պետական բյուջեի նկատմամբ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ պարտադիր վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների կամ տույժերի գծով դրամային պարտավորությունների մասով ձեռնպահ կմնա տվյալ պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում դատարան ներկայացնելուց, եթե ԴԱՀԿ ծառայությունում հարուցված կատարողական վարույթն ավարտված կամ կարճված չէ, եթե պարտապանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված չէ, իսկ յուրաքանչյուր ամսում պարտապանը վճարել է տվյալ ամսվա առաջին օրվա դրությամբ առկա պարտավորության առնվազն 20 տոկոսը։
Սակայն, եթե 6 ամիս և ավելի ժամկետում սնանկության պահանջը մնում է, ապա ՊԵԿ-ը պարտավոր է նշված ժամկետից հետո մեկամսյա ժամկետում սնանկության պահանջով դիմել դատարան: