ՍԴ-ն Ավետիսյանների իրավահաջորդների դիմումը կքննի հաջորդ տարվա մարտին՝ գրավոր ընթացակարգով
ՀՀ սահմանադրական դատարանը քննության է ընդունել Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների դիմումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ, ըստ էության, բարձրացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերի սահմանադրականության հարցը, որոնցով պայմանավորված տուժողների իրավահաջորդները զրկվել են ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից։
«Նշված գործով ներկայացված դիմումը հանդիսանում է իմ գործընկերների հետ համատեղ աշխատանք և առանձնակի կարգով ցանկանում եմ ընդգծել փաստաբաններ Տիգրան Եգորյանին, Վահե Գրիգորյանին, Երվանդ Վարոսյանին և Լուսինե Սահակյանին»,- նշում է Արամազդ Կիվիրյանը։
Աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ քաղաքացիական հայցվորը, 1-ին մասի, 154-րդ հոդվածի՝ քաղաքացիական հայցի քննության ընթացքում կիրառվող օրենսդրությունը, 158-րդ հոդվածի՝ քաղաքացիական հայցի հարուցումը, 2-րդ մասի, 159-րդ հոդվածի՝ հայցադիմում ընդունելուց հրաժարվելը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործի դատաքննությունը նշանակված է 2018 թվականի մարտի 13-ին, ժամը 10.00-ին, այն կընթանա գրավոր ընթացակարգով:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանը, գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը: