Մարզպետի տեղակալը հողամասեր է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա ընթացքում ձեռք է բերել երկու հողամաս՝ երկուսն էլ 2 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ:
Նախորդ տարվա ընթացքում բացի հողամասերի ձեռքբերումը զբաղվել է նաեւ ավտոմեքենաների՝ այսպես ասած առքուվաճառքով. 3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող «VOLKSWAGEN TOUAREG W12 6.0» մակնիշի ավտոմեքենան, փոխարենը 1 միլիոն դրամով գնել «RANGE ROVER 2.5 TD» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում գրեթե փոփոխության չեն ենթարկվել. եթե տարեսկզբին հայտարարագրել էր 2 միլիոն 770 հազար դրամ, 261 հազար ԱՄՆ դոլար ու 9 հազար եվրո, ապա արդեն տարեվերջին՝ 3 միլիոն 300 հազար դրամ, 251 հազար ԱՄՆ դոլար ու 10 հազար եվրո:
Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 848 հազար դրամ եւ ստացվել 6 միլիոն 848 հազար դրամ աշխատավարձից ու ավտոմեքենան վաճառելուց ստացված գումարից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: