
Համբերություն, ջանասեր աշխատանք և եվրոպական մտածելակերպ. Սվիտալսկու մաղթանքը հայաստանցիներին ԵՄ վիզաների ազատականացման ճանապարհին

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին կարծում է, որ մուտքի արտոնագրերի ազատականացումը հնարավոր կլինի հայկական կողմից հսկայական ու ջանասիրաբար արված աշխատանքի միջոցով: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ կան մի շարք պահանջներ, որոնք պետք է բավարարվեն՝ դա վերաբերում է ինչպես իրավական, վարչական, այնպես էլ ինստիտուցիոնալ կարգավորումներին:
«Ձեր հարևանների փորձից էլ հայտնի է, որ այստեղ պահանջվում է մեծ աշխատանք: Ես անձամբ հավատում եմ ազատ ճամփորդության հնարավորությանը Եվրոպայում, ու որ այդ օրը կգա նաև հայաստանցիների համար, հետևաբար, մաղթում եմ համբերություն, ջանասեր աշխատանք և եվրոպական մտածելակերպ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Հարցին ի պատասխան, թե որքան ժամանակ պետք կլինի այդ գործընթացն ավարտելու համար՝ Սվիտալսկին ասաց. «Ես մարգարե չեմ, բայց կարծում եմ՝ լավ է, որ վիզայի ազատականացման երկխոսությունը դրվել է 2020 թվականի առանցքային արդյունքների օրակարգում: Այնուամենայնիվ, չկա հստակ հիշատակված ամսաթիվ»: Նրա հավաստմամբ՝ եթե անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարվեն, բոլոր տարրերն առկա լինեն ու Եվրամիության անդամ պետությունները համոզված լինեն, որ ժամանակը եկել է Հայաստանի համար, ոչ մի արհեստական պատճառով այդ գործընթացը չի հետաձգվի: «Վստահաբար, ուշացումն ու հետաձգումը մեր շահերից չի բխում»,- եզրափակեց դեսպան Սվիտալսկին: