Այս մթերքը մենք օգտագործում ենք ամեն օր, բայց այն քայքայում է մեր առողջությունը
Մարդկանց մեծ մասը չի վերահսկում օրվա ընթացքում օգտագործվող շաքարի քանակը։ Նրանք շաքարավազն ավելացնում են թեյին ու սուրճին, բայց մոռանում են այն մասին, որ շաքար պարունակում է նաև օգտագործվող մթերքը, հատկապես` վերամշակված մթերքը։ Մեծ քանակով շաքար են պարունակում գազավորված ըմպելիքը, քաղցրավենիքը, թխվածքը, մրգային ըմպելիքները։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ հարկավոր է զգուշանալ մեծ քանակով շաքարի օգտագործումից, քանի որ չափաբաժնի պարբերական գերազանցումը պարզապես քայքայում է առողջությունը։
Հոգնածություն։ Շաքարը էներգիայի ու ուժերի վերականգնման պատրանք է ստեղծում։ Բայց երբ արյան մեջ շաքարի մակարդակն ընկնում է, անսպասելի հոգնածություն եք զգում։ Ուժերը վերականգնելու համար մենք կրկին քաղցր ենք օգտագործում։ Փոխարենը` հարկավոր է սննդակարգ ներառել ավելի շատ բջջանյութ և սպիտակուց, որոնք երկար ժամանակով էներգիա կհաղորդեն։ Դրանց յուրացումն ավելի երկար է տևում, ինչի արդյունքում երկար ժամանակ հագեցածության զգացում եք ունենում։ Օգտագործեք ձու, հավի միս, բանջարեղեն, ընդեղեն, մրգեր, սերմեր։
Մաշկային խնդիրներ։ Մեծ քանակով շաքարի օգտագործումն անդրադառնում է մաշկի վրա։ Կարող են առաջանալ բշտիկներ, մաշկի յուղոտություն, դեմքի կարմրություն, քոր և այլ մաշկային խնդիրներ։
Քաղցր ուտելու մշտական ցանկություն։ Շաքարի կախվածությունից ազատվելը բարդ է, բայց հնարավոր է։ Եթե օրգանիզմը պարբերաբար մեծ քանակով շաքար է ստանում, զարգանում է կախվածություն։ Աստիճանաբար նվազեցրեք օգտագործվող շաքարի մակարդակը՝ այն փոխարինելով օգտակար քաղցր մթերքով՝ ծիրանի չիր, չամիչ, արմավ, հատապտուղներ և այլն։
Տրամադրության անկումներ։ Քաղցր օգտագործելուց կարճ ժամանակ անց տրամադրության լավացում կնկատեք։ Բայց երբ էներգիայի մակարդակը նվազում է, կրկին գրգռվածություն եք զգում։ Դա է պատճառը, որ կրկին քաղցր ուտելու ցանկություն է առաջանում։ Որքան հաճախ ենք քաղցր օգտագործում տրամադրությունը բարձրացնելու համար, այնքան հաճախ ենք մեզ վատ զգում՝ ուժերի անկում, ապատիա, կամակորություն, անքնություն, գրգռվածություն։
Քաշի ավելացում։ Քաղցրի օգտագործումն ուղղակիորեն ազդում է քաշի ավելացման վրա։ Առաջին հերթին արդյունքը նկատվում է որովայնի հատվածում։
Կարիես։ Շաքարը վնասում է ատամներին։ Այն ատամների էմալի քայքայման գլխավոր մեղավորներից մեկն է։
Մոռացկոտություն։ Շաքարը հաճախ մոռացկոտության ու անքնության պատճառ է դառնում։ Ճիշտ գործելու համար ուղեղին կայուն քանակով գլյուկոզա է հարկավոր։ «Կայունությունը» բանալի բառն է։ Արյան մեջ շաքարի անսպասելի բարձրացումը, որն ուղեկցվում է էներգիայի արագ անկմամբ, կարող է ուղեղի աշխատանքի անհավասարակշռություն առաջացնել։
Քաղցրավենիքը կորցնում է համը։ Մեծ քանակով շաքարի օգտագործումը կարող է ազդել համային ռեցեպտորների վրա։ Ժամանակի ընթացքում քաղցր մթերքը կորցնում է համը։
Դեպրեսիա։ Շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել բորբոքման։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը