
Շառլ Ազնավուրի անվան գրական մրցանակի 2017-ի դափնեկիրը ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլն է

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակին արժանացել է ֆրանսիացի գրող Նիկոլա Պանյոլը` «Մարսել Պանյոլ, 1895-1974թթ. մի կյանքի ալբոմ» գրքի համար: Մրցանակաբաշխությանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մարսելի հայազգի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետն այցելել է Լը Սեզար կինոսրահ, որտեղ կայացել է Շառլ Ազնավուրի անվան ամենամյա գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մինչ գրական մրցանակի հանձնումը, տեսաուղերձով ներկաներին ողջունել է Շառլ Ազնավուրը, ով առիթն օգտագործելով նաև շնորհավորել է Երևանի և Մարսելի քաղաքապետերին՝ երկու քաղաքների համագործակցության և բարեկամության 25-ամյակի առթիվ:
Հայազգի շանսոնյեի նախաձեռնությամբ և նրա բարձր հովանու ներքո անցկացվող մրցանակաբաշխության հիմքում դրված է մշակութային և մարդասիրական արժեքների գնահատումը և յուրաքանչյուր տարի Շառլ Ազնավուրի անվան մրցանակը շնորհվում է որևէ գրական ստեղծագործության հեղինակի: