Պապիլոմա վիրուսի դեմ առաջինը կպատվաստվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկները
Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները առաջինը կարվեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված աղջիկներին: Պատվաստումները կսկսվեն դեկտեմբերի 11-ից: Այս մասին լրագրողների համար կազմակերպված իրազեկման դասընթացին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Պապիլոմա վիրուսի դեմ պետք է պատվաստվի 13 տարեկան շուրջ 16 հազար աղջիկ երեխա»,-նշեց նախարարը:
Պատվաստումները կիրականացվեն ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում:
«Շատ քիչ երկրներում են այդ պատվաստումներն իրականացվում բժշկական կենտրոններում, հիմնականում կատարվում են ուսումնական հաստատություններում: Հայաստանում ունենք դեռահասների պատվաստումների փորձ, հետևաբար պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները ևս կիրականացնենք նույն մեխանիզմով` ամբուլատորիաներում և պոլիկլինիկաներում»,- ասաց Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախկինում առաջարկում էր երեք դեղաչափ պատվաստում: Արդեն երկու տարի է ԱՀԿ-ն երկրներին առաջարկում է երկու դեղաչափ պատվաստում` վեց ամիս ընդմիջումով:
«Քանի որ պատվաստումները իրականացնելու ենք դեկտեմբերից՝ 13 տարեկան աղջիկների շրջանում, հետևաբար սկսելու ենք պատվաստել 2004-ից հետո ծնված աղջիկներին` հաշվի առնելով 6 ամիս ինտերվալը»,-ասաց Սահակյանն ու նշեց` ինչպես նախապես խոստացել էին` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների երեխաները ևս անպայման կպատվաստվեն:
Պատվաստումները կիրականացվեն «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով: