
«Brexit-ի շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին». Յունկեր

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին: Այդ մասին նոյեմբերի 24-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ ժամանելով «Արեւելյան գործընկերության» 5-րդ գագաթնաժողովին։
«Ես դեկտեմբերի 4-ին կտեսնվեմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Իսկն ասած՝ վերջնական փուլը կսկսվի դեկտեմբերի 4-ին»,-ասել է նա, նշելով, որ բանակցային գործընթացում «շարժ կա»:
«Ես հուսով եմ, որ բանակցությունները կընթանան ճիշտ ուղղությամբ»,-հավելել է Յունկերը:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: