
Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի բոլոր պայմանները. ՄԱԳԱՏԷ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) արձանագրում է Իրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) պայմանների կատարումը: Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
«Իրանի իրադրության մոնիթորինգի եւ ստուգումների վերաբերյալ իմ զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի լույսով ցույց է տալիս, որ գործակալությունը շարունակում է ստուգել եւ հսկել Իրանի կողմից իր պարտավորությունների կատարումը միջուկային էներգետիկայի բնագավառում ՀՀԳԾ-ի շրջանակներում: Իրանի միջուկային պարտավորությունները կատարվում են»,-նշել է Ամանոն ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին հղած իր ուղերձում:
ՄԱԳԱՏԷ-ն հետեւում է Իրանում միջուկային նյութերի բացակայությանը, որոնք կարող են խախտել ՀՀԳԾ-ի պայմանները, եւ անհրաժեշտ բոլոր օբյեկտներում հսկողություն իրականացնելու ազատ հնարավորություն ունի, հայտարարել է Ամանոն: «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է հետեւել, որ Իրանի կողմից հայտարարված միջուկային նյութերը, ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների վերաբերյալ համաձայնագրին համապատասխան, չօգտագործվեն այլ նպատակներով: Շարունակվում է Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերի բացակայության եւ գործունեության ստուգումը: Գործակալությունը հնարավորություն ունի բոլոր այն վայրերում, որոնք մեզ հարկավոր են, մուտք ունենալ:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: