«ՌԴ շահերից բացարձակ չի բխում, որ նա որևէ զիջումների գնա Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում». Ռուբեն Սաֆրաստյան
«Սիրիայում սկսվում է հետպատերազմյան փուլ։ Իհարկե, դեռևս շատ վաղ է կանխատեսումներ անել, որ այդ խաղաղ կարգավորման գործընթացը հաջողությամբ կավարտվի, բայց, ամեն դեպքում, հույսեր կան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Սաֆրաստյանի խոսքով՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կարողանում են հաջողությամբ իրենց ջանքերը համատեղել Սիրիայում, ինչի շնորհիվ, ըստ թուրքագետի՝ Սիրիայի տարածքը գրեթե ազատագրվել է «Իսլամական պետությունից»։
«Խաղաղ գործընթացը պետք է տեղի ունենա ոչ թե այս 3 երկրների ձևաչափով, այլ ՄԱԿ-ի անմիջական ղեկավարության ներքո։ Նախապատրաստվում է Սիրիայի ուժերի ազգային երկխոսության կոնգրես, որին պետք է մասնակցեն բոլոր այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Սիրիան պահպանվի՝ որպես ամբողջական պետություն։ Եթե հաջողվի այս կոնգրեսն իրականանցնել, իսկ դա նախատեսված է դեկտեմբերին, ապա դրանից հետո խաղաղ կարգավորման գործընթացը շատ արագ առաջ կընթանա»,-ասաց նա՝ նկատելով, որ բացասական գործոններ ևս կան, որոնք հնարավոր չէ շրջանցել։
Թուրքագետի խոսքով՝ սիրիական կոնֆլիկտում ներգրավված տարբեր ուժեր ունեն իրենց շահերը.
«Թուրքիան, ներգրավվելով սիրիական համակարտությանը, իր առջև երկու խնդիր էր դրել՝ տապալել Ասադի կառավարությունը և թույլ չտալ քրդական ուժերին՝ ակտիվանալ Սիրիայում։ Աստանայի գործընթացի ժամանակ Թուրքիան ցույց տվեց, որ Ասադի տապալման խնդիրը հետաձգել է։ Հիմա Թուրքիան կենտրոնանում է քրդական խնդրի վրա և պահանջում, որ քրդական տարածքները կառավարող քաղաքական ուժը, որն ըստ նրանց՝ կապված է PKK-ի հետ, չմասնակցի ազգային ուժերի երկխոսության կոնգրեսին։ Սա, իհարկե, լուրջ պահանջ է, և եթե Թուրքիան չհամաձայնի այս ձևաչափին, ապա կնշանակի, որ նրա տիրապետության տակ գտնվող ընդդիմադիր ուժերը նույնպես չեն մասնակցի այդ կոնգրեսին»,-ասաց նա։
Ռ. Սաֆրաստյանը հիշեցրեց, որ կա նաև Սաուդյան Արաբիայի գործոնը, որի իշխանության տակ ևս կան սիրիական ընդդիմադիր ուժեր.
«Նրանք բոլորը պահանջում են, որ Ասադը և նրա ներկայացրած կառավարությունը չմասնակցեն այդ կոնգրեսին։ Երեկ տեղի է ունեցել Պուտինի և Սաուդյան Արաբիայի թագավորի հեռախոսազրույցը, և հավանաբար, այդ հարցերը քննարկվել են»։
Իրանի գործոնը ևս կա, որն, ըստ թուրքագետի՝ պահանջում է, որ խաղաղ գործընթացի դեպքում դուրս բերվեն այն բոլոր օտար ուժերը, որոնք գտնվում են Սիրիայի տարածքում՝ չունենալով սիրիական կառավարության հրավերը. «Դա առաջին հերթին վերաբերում է ամերիկյան ուժերին»։
Հաշվի առնելով այս ամենը՝ թուքագետը վստահ չէ, որ այս գործընթացը հաջող ավարտ կունենա․
«Պետք է սպասել երկխոսության կոնգրեսին, եթե դա հաջողվի՝ կնշանակի, որ կարևոր քայլ եղավ»։ Սիրիական բարդ գործընթացը, Ռ. Սաֆրաստյանի խոսքով՝ ունի համամոլորակային նշանակություն, քանի որ դրանում ներգրավված են բազմաթիվ ուժեր, և ըստ նրա՝ անհիմն են համեմատությունները Արցախի գործընթացի հետ։
«Ռուսաստանը լինելով միջնորդ, Մինսկի խմբի համանախագահողներից մեկը, ուղղակի ապահովում է հարթակ բանակցային գործընթացի համար։ Երկրորդ՝ ՌԴ շահերից բացարձակ չի բխում, որ նա որևէ զիջումների գնա Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում։ Ռուսաստանը որևէ քայլի չի գնա, որը կվնասի Հայաստանի շահերն ու կասկածի տակ կդնի հայ-ռուսական հարաբերությունները»,-եզրափակեց թուրքագետը։