Հստակ ուղերձ՝ Լավրովի շուրթերով
«Սա իր հերթական այցն է տարածաշրջան, որը շատ լուրջ, Ռուսաստանի ռազմավարական շահերից բխող կարևոր մի տարածաշրջան է, և այդ այցը կապված է այս տարածաշրջանի հեռանկարի հետ։ Այստեղ լուրջ գործընթացներ են տեղի ունենում։ Եվ, իհարկե, առաջին հերթին՝ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ է կապված իր այցը։ Կարծում եմ, որ այստեղ դժվար է գերագնահատել Ռուսաստանի դերն ու նշանակությունը, և այս այցը, հուսով եմ, նաև հնարավորություն կտա, որ ի վերջո նաև նորմալ բանակցություններ սկսվեն Ղարաբաղի հարցով, որը մինչև հիմա տեղի չի ունեցել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու և Երևան այցերի մասին։
Մեր դիտարկմանը, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշում է, թե իրական բանակցություններ սկսելու համար Ադրբեջանը պետք է կատարի իր խոստումները, մինչդեռ Բաքվի խոսքը չի համապատասխանում գործին, մշտապես նոր առաջարկներ է ներկայացնում՝ չկատարելով արդեն իսկ ձեռք բերվածները, այս պայմաններում ինչպե՞ս պետք է վերսկսել իրական բանակցությունները, կամ ինչպե՞ս պարտադրել Ադրբեջանին կատարել պայմանավորվածությունները, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ խնդիրը դա է, որ այս կոնֆլիկտը պետք է հայտնվի տրամաբանական ինչ-որ գործընթացի մեջ, որը մինչ օրս հնարավոր չի լինում անել, որովհետև Ադրբեջանի ոչ բանակցելի պահվածքն իսկապես բացառում է որևէ նորմալ քննարկում. «Հնարավոր չէ մի կողմից՝ պատերազմի գնալ, և մյուս կողմից՝ խաղաղ կարգավորման, և սա բոլորի աչքի առաջ է տեղի ունենում։ Այստեղ, կարծում եմ՝ Ռուսաստանի դերն ու նշանակությունը շատ մեծ է, ուղղակի ցույց տալ և դա, այսպես ասած, համոզիչ կերպով ներկայացնել Ադրբեջանին, որ այս հարցը պատերազմով լուծում չունի։ Սա ամենահատու և ազդեցիկ ձևով կարող է ասել Ռուսաստանը»։
Անդրադառնալով Բաքվում Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում համապատասխանում է Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների դիրքորոշման հետ, և, թե ի՞նչ ազդակ է դա Ադրբեջանի համար, Ա.Ռուստամյանը նշեց, որ Ադրբեջանը հաճախ փորձ է անում այս կամ այն պաշտոնանկ պաշտոնյայի կամ իր գործունեությունն ավարտած պատասխանատուի հայտարարությունները ներկայացնել՝ որպես կարգավորման նախագիծ. «Մենք ունեցել ենք այդպիսի երևույթներ և միշտ առիթ ենք ունեցել ասելու, որ կարգավորման հետ կապված ուժ ունեն այն հայտարարությունները, որոնք համատեղ են կատարվում։ Եվ սա, կարծում եմ՝ ևս մեկ անգամ Լավրովի շուրթերից հստակ ուղերձ էր, որ փորձ չարվի այս կամ այն անձի հայտարարությունը նույնացնել Մինսկի գործընթացում միակ մանդատ ունեցող եռանախագահների հայտարարությունների հետ։ Մենք նման բան երբեք չենք արել, իսկ Ադրբեջանը դրանից միշտ փորձում է օգտվել։ Այսինքն՝ այս սողանցքն էլ է փորձ արվում փակել»։
ՀՅԴ պատգամավորի համոզմամբ՝ ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, որի ցանկալիության մասին Լավրովը խոսել է Բաքվում, և Ղարաբաղի խնդիրը փոխկապակցված չեն, և այդտեղ չեն կարող ինչ-որ խաղեր լինել. «Ես չեմ կարծում, որ դրանք ուղիղ կապի մեջ պետք է տեսնել, հատկապես, որ դա այնքան հեռու հեռանկար է, այսինքն՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված հարցը լուծվում է ԵԱՏՄ կանոնագրով, և այդտեղ Հայաստանն իր ասելիքն ունի անպայման։ Եվ եթե դա կապված լինի Ղարաբաղի խնդրի հետ, Հայաստանն այդտեղ ունի հնարավորություն առնվազն իր վերապահումը կամ առարկությունը կատարել, եթե հարց առաջանա Ադրբեջանի անդամակցության մասով»։
Ա.Ռուստամյանը բացառեց Հայաստանի վրա որևէ պարտադրանքի կիրառումը. «Այն հարցերը, որոնք մեր կենսական անհրաժեշտությունից են, արդեն երևի բոլորի համար պարզ է, որ անիմաստ է դա անել, հատկապես հիմա մենք ունենալու ենք խորհրդարանական համակարգ, այսինքն՝ պետք է պարտադրեն ամբողջ խորհրդարանին, ոչ թե մեկ անձի»։
Ա.Ռուստամյանի կարծիքով՝ Ադրբեջանը կցանկանար խոչընդոտներ ստեղծել Հայաստանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների խորացման ճանապարհին, սակայն, ըստ նրա՝ նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը կստորագրվի. «Բնական է, դա չի մտնում Ադրբեջանի ռազմավարական շահերի մեջ, որովհետև իրենց դա ձեռնտու չէ: Հայաստանն այդպիսով ձեռք է բերում ինքնուրույն քաղաքականություն և իր խնդիրները լուծելու ավելի լայն դաշտ, հզորացնում է պաշտպանունակությունն ու անվտանգությունը, այսինքն՝ հզորանում է մեր երկիրը, որը մեր հակառակորդի ծրագրերի մեջ չի մտնում»: