ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով. մեղավորն Ադրբեջանն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանը, և այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել:
ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու և Ադրբեջանին Արևելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ: Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով և տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։