«Սա Հայաստան է և վերջ». Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ։
«Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների և Արցախի պաշտպանության գործում:
Արցախի մասին նրա հնչեցրած արտահայտությունը վաղուց մեզ համար դարձել է թևավոր խոսք ու կարգախոս. «Սա Հայաստան է և վերջ»: Այս կարճ բանաձևի մեջ խտացված են Լեոնիդ Ազգալդյանի՝ ճշմարիտ հայրենասերի, լուրջ գիտնականի և տաղանդավոր կազմակերպչի ողջ գաղափարախոսությունն ու դիրքորոշումը, նրա իմաստալից կյանքի և իմաստավոր անմահության ողջ ուղի»,- ասված է ուղերձում։