Ինչո՞ւ է Ռայան Բոթրայթը հեռացվել Հայաստանի հավաքականից
Հայաստանի բասկետբոլի հավաքականի առաջատար բասկետբոլիստ Ռայան Բոթրայթն այլևս չի խաղա ազգային թիմում: Այս մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Բասկետբոլիստը երեկ էր միացել հավաքականին՝ պատրաստվելու նոյեմբերի 23-ին և 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի և Դանիայի հետ խաղերին:
Արա Պողոսյանը նշել է, որ սա շատ ծանր որոշում էր իրենց համար, քանի որ Բոթրայթը շատ մեծ օգուտ է տալիս հավաքականին:
Արա Պողոսյանը նշում է, որ պատճառը Բոթրայթի անպարկեշտ վերաբերմունքն է՝ ուղղված մարզչին, ֆեդերացիային և հավաքականին: Արա Պողոսյանի խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի իրենց վեր դասել մյուսներից, քանի որ կա հավաքականի ընկալում, որտեղ բոլորը հավասար են:
Հավաքականի մարզիչ Նիկիշա Բավցևիչը ևս մեկնաբանել է Բոթրայթի հեռացումը: Ըստ հավաքականի մարզչի՝ Բոթրայթը շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց ոչ՝ ամենակարևորը: Մարզիչը չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել, սակայն նշել է, որ Բոթրայթի բացակայությունը դժվարություններ կստեղծի հավաքականի համար:
Ըստ Բավցևիչի՝ բասկետբոլը թիմային մարզաձև է, և ոչ ոք չպետք է իր շահերը վեր դասի մյուսների շահերից: Մարզչի խոսքով՝ Հայաստանը փոքր, բայց բասկետբոլային երկիր է, և հավաքականում պետք է խաղան բասկետբոլիստներ, ովքեր ցանկանում են բարձր պահել երկրի պատիվը:
Հավաքականին արդեն իսկ միացել են երիտասարդ բասկետբոլիստներ:
Ըստ Արա Պողոսյանի՝ հավաքականում Բոթրայթի դերը կկատարի Ամիրան Ամիրխանովը: Վերջինս նշում է, որ չնայած կորուստներին՝ հավաքականը պատրաստ է ընտրական փուլի խաղերին:
Սիրարփի Աղաբաբյան