
«ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթղթերը մնում են սեղանին». Լավրով

«Ռուսաստանը փորձելու է իր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների հետ վերլուծել, թե որտեղ են գտնվում բանակցությունները, փորձելու ենք ակտիվ ջանքեր ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Նա տեղեկացրեց, որ նախօրեին Բաքվում նշել է ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր բաղադրիչների առկայության մասին:
«Բաղադրիչներն ամրագրված են շատ փաստաթղթերում սկսած 2007թ., 2009թ., 2011թ., դրանք հաստատվել են ԵԱՀԿ նախագահի կողմից, ամրագրվել են, որպես համանախագահների առաջարկներ, դրանք մնում են սեղանին:
Այդ բաղադրիչները ձևավորել են փաթեթ և դժվար է առանձնացնել դրանցից մեկը, երկուսը, երեքը և ասել` եկեք այս ամենի հիման վրա պայմանավորվենք, քանի որ բալանսավորող բաղադրիչները դուրս կմնան, որի արդյունքում չի լինի այն նույն արդյունքը ինչի հույսը մենք ունենք:
Օգտակար եմ համարում, որ նախագահները դրական են գնահատում իրենց շփումները Ժնևում: Օրերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումներ են անցկացրել երեք համանախագահների հետ ՌԴ մայրաքաղաքում, փորձելու ենք մեր ֆրանսիացի և ամերիկկացի գործընկերների հետ վերլուծել, թե որտեղ են գտնվում բանակցությունները, փորձելու ենք ակտիվ ջանքեր ներդնել, որպեսզի հասնենք կարգավորման, բայց ես մեծ լավատեսություն չէի հայտնի. խնդիրը բարդ է, մեր բանակցությունների փորձը խոսում է այն մասին, որ դրանք շուտ չեն ավարտվի»,- ասաց Սերգեյ Լավրովը: