
Իլոն Մասկի ակնարկը՝ նոր Tesla Roadster-ը կարող է թռչել

Tesla-ի ստեղծող, անընդհատ նոր բան փնտրող մարդու համբավ ունեցող Իլոն Մասկն անակնկալ ձևով ներկայացրեց նոր Roadster-ը՝ Semi էլեկտրական մեքենայի հետ:
Այս մեքենան 2 վայրկյանում կարող է գերազանցել 100 կմժ արագությունը: Մեքենայի մաքսիմալ արագությունը 400 կմժ է:
Սակայն, պարզվում է, սա դեռ ամենը չէ:
Մասկն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ հնարավոր է ստանալ նաև սարքավորումների փաթեթ, որի միջոցով նոր Roadster-ը կարող է թռչել:
«Չեմ փորձի ուղիղ և հստակ նշել, որ Roadster-ը կարող է թռչել, բայց կարճ հեռավորությունները, ամեն դեպքում, հնարավոր են:
Եվ սա ոչ թե տեխնոլոգիաների, այլ անվտանգության հարց է: Հրթիռային տեխնոլոգիաները մեքենաներում կարող են լինել հեղափոխական»,- գրում է Մասկը:
Նոր մեքենան վաճառքում կլինի երկու տարվա ընթացքում: Ստացվում է, որ Մասկը դեռ ունի ժամանակ մեքենայի համար հրթիռային տեխնոլոգիաներ մշակելու համար:
Սիրարփի Աղաբաբյան