Տնտեսական ակտիվությունը հունվար-հոկտեմբերին աճել է 7%-ով
2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Նշենք, որ ընթացիկ տարում սա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ամենաբարձր մակարդակն է։ Տարեսկզբին ՏԱՑ-ը բավականին բարձր էր՝ 106.6-ի սահմաններում (6.6% աճ)։ Սակայն հունվար-օգոստոսին և հունվար-սեպտեմբերին այն նվազեց՝ կազմելով, համապատասխանաբար, 105.5 և 105.1։
Ամսական կտրվածքով՝ 2017 թվականի հոկտեմբերը 2016 թվականի հոկտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 17%-ով։
Տնտեսական ակտիվության բարձր աճը պայմանավորված է արդյունաբերության և շինարարության ոլորտներով։
Հիշեցնենք, որ 2017 թվականի պետական բյուջեով՝ այս տարվա համար կանխատեսվում էր 3.2% աճ, իսկ կառավարության վերջին կանխատեսումներով՝ ընթաիկ տարին կամփոփվի 4,3% տնտեսական աճով։