
Մետրոպոլիտենում զինված քաղաքացու առկայության մասին կեղծ ահազանգի հեղինակի ինքնությունը պարզվել է. Էդգար Ջանոյան. Tert.am

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում քաղաքացիների հերթեր է գոյացել, ժետոններ չեն վաճառվում կամ արդեն վաճառվել են, սակայն մետրոն չի աշխատում։
Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի աշխատակիցը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մետրոյի չաշխատելու պատճառը տեխնիկական է, լույս չկա։
Նշենք, որ Shamshyan.com կայքը հրապարակում էր արել այն մասին, որ ահազանգ է ստացվել, թե «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։
Ահազանգի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ նման ահազանգ ստացվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 08։10-ին։
«Արդեն պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել, ահազանգողի ինքնությունը պարզվել է, նա բերման է ենթարկվել Մետրոպոլիտենի պահպանության բաժին»,-ասաց Ջանոյանը։