10 ֆիլմ և 2 սերիալ, որ առաջարկում է դիտել Արշո Հարությունյանը
Եթե ամբողջ շաբաթվա ընթացքում կարողացել եք ավարտին հասցնել պլանավորված բոլոր աշխատանքները, գիրք ընթերցել, երաժշտություն լսել և անգամ բացահայտել աշնանային տերևների գունային բազմազանությունը, ապա շաբաթն ամբողջական դարձնելու համար պակասում է մի փոքր կինեմատոգրաֆիականությունը:
168.am-ի ֆիլմեր առաջարկելու գործընթացին այս շաբաթ միացել է ռեժիսոր Արշո Հարությունյանը՝ իր սիրելի ֆիլմերով և սերիալներով:
«Կնքահայրը» (The Godfather)
Առաջարկ, որից չի կարելի հրաժարվել: Դերասան, որով չի կարելի չհիանալ: Ֆիլմ, որը չի կարելի չդիտել: Կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» ֆիլմը, որը նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա, ներկայացնում է Կոռլեոնե մաֆիոզ ընտանիքի պատմությունը:
Ընտանիքի գլուխը՝ Դոն Վիտո Կոռլեոնեն (Մարլոն Բրանդո), ամուսնացնում է իր դստերը: Այդ ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադառնում է Դոն Կոռլեոնեի սիրելի որդին՝ Մայքլը (Ալ Պաչինո): Վերջինս՝ պատերազմի հերոսը, ընտանիքի հպարտությունը, չի ցանկանում զբաղվել ընտանեկան դաժան բիզնեսով: Դոն Կոռլեոնեն բիզնեսը վարում է հին կանոնների համաձայն, բայց այլ ժամանակներ են գալիս, և հայտնվում են մարդիկ, ովքեր ցանկանում են փոխել սահմանված կարգը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Փախուստ Շոուշենկից» (The Shawshank Redemption)
Ամերիկացի սարսափ, սասփենս, գերբնական, գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրի գրող Սթիվեն Քինգի «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» (Rita Hayworth and Shawshank Redemption) պատմվածքի հիման վրա ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ֆրենկ Դարաբոնտի կողմից 1994 թվականին նկարահանված ամերիկյան կուլտային դրամայի գլխավոր հերոսը բանկի փոխնախագահ Էնդի Դյուֆրեյնն (Թիմ Ռոբինս) է, ով մեղադրվում է իր կնոջ և նրա սիրեկանի սպանության մեջ: Հայտնվելով Շոուշենկ կոչվող բանտում՝ նա բախվում է ճաղերի հակառակ կողմում տիրող դաժանության և անօրինականության հետ: Յուրաքանչյուրը, ով հայտնվում է այդ պատերի ներսում, մինչև կյանքի վերջ դառնում է դրանց ստրուկը: Բայց Էնդին՝ զինված կենդանի մտքով ու բարի սրտով, հրաժարվում է համակերպվել ճակատագրի վճռի հետ և սկսում է անհավանական հստակ ծրագիր մշակել իր փախուստի համար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Շինդլերի ցուցակը» (Schindler’s List)
Ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը պատմում է նացիստական կուսակցության անդամ, հանելուկային Օսկար Շինդլերի (Լիամ Նիսոն) մասին, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում փրկում է մոտ 1200 հրեաների։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
ՎԱԼԼ-Ի (WALL-E)
Pixar Animation Studios ընկերության կողմից 2008 թվականին ստեղծված համակարգչային, անիմացիոն, գիտաֆանտաստիկ ֆիլմը պատմում է ՎԱԼԼ-Ի անունով ռոբոտի մասին, ով ամեն տարի աղբից մաքրում է Երկիրը, որն աղտոտել էին մարդիկ Տիեզերք թռչելուց առաջ։ Նա չի պատկերացնում, որ շուտով անհավանական իրադարձություն տեղի կունենա, և ինքը կհանդիպի ընկերների, կբարձրանա դեպի աստղերը և անգամ կկարողանա դեպի լավը փոխել իր նախկին տերերին, որոնք շուրջ 700 տարի ապրելով Տիեզերքում՝ մոռացել էին Երկիր մոլորակի գոյության մասին։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց (The Grand Budapest Hotel)
Ուես Անդերսոնի ֆիլմը պատմում է լեգենդար մսյե Գուստավի (Ռեյֆ Ֆայնս) և նրա երիտասարդ ընկերոջ՝ միջանցքային սպասավոր Մուստաֆա Զերոյի (Թոնի Ռվոլորի) հետաքրքրաշարժ արկածների մասին: Հյուրանոցի աշխատակիցներն ականատեսն են դառնում գողության, Վերածննդի դարաշրջանի անգին կտավի որոնումների, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքարի, ինչպես նաև… XX դարի երկու արյունալի պատերազմների ընթացքում Եվրոպայի դրամատիկ փոփոխությունների:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ֆորեսթ Գամփ» (Forrest Gump)
Ռոբերտ Զեմեկիս ֆիլմը պատմում է ազնիվ և բարի սիրտ ունեցող Ֆորեստ Գամփի (Թոմ Հենքս) մասին (անգլ.՝ forest gump, որ թարգմանաբար նշանակում է «անտառի հիմարիկ»):
Ֆորեսթը ֆանտաստիկ կերպով դառնում է հայտնի ֆուտբոլիստ, պատերազմի հերոս, հաջողակ գործարար: Նա դառնում է միլիարդատեր, բայց շարունակում է մնալ նույնքան միամիտ և բարի:
Ֆորեսթը սիրում է մի աղջկա՝ իր մանկության ընկեր Ջեննիին, բայց փոխադարձ սերը գալիս է չափազանց ուշ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Փրկել շարքային Ռայանին» (Saving Private Ryan)
1998 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի կողմից նկարահանված ամերիկյան գեղարվեստական ֆիլմում պատկերված են Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորմանդական օպերացիայի ժամանակ, տեղի ունեցած իրադարձությունները:
Կապիտան Ջոն Միլլերը (Թոմ Հենքս) բարդ առաջադրանք է ստանում: Ութ հոգուց բաղկացած ջոկատի հետ Միլլերը պետք է որոնի շարքային Ջեյմս Ռայանին (Մեթ Դեյմոն): Բայց վերջինիս գտնելու և փրկելու համար այդ փոքր ջոկատը ստիպված է անցնել իսկական դժոխքի միջով:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Դաշնակահարը» (The Pianist)
Ամերիկյան հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կողմից 2002 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմի հիմքում ընկած է 1930-ական թվականների Լեհաստանի լավագույն դաշնակահարներից մեկի՝ Վլադիսլավ Շփիլմանի ինքնակենսագրությունը: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Վլադիսլավ Շփիլմանը (Էդրիան Բրոուդի), զբաղվում է արվեստով՝ մինչև գերմանացի ֆաշիստների կողմից Վարշավայի գրավումը: Բոլոր հրեաների կյանքը փոխվում է. նրանց տեղափոխում են Վարշավայի գետտո, արգելում են աշխատել, նվաստացնում են, ստիպում են տարբերակիչ թևկապներ կրել, իսկ որոշ ժամանակ անց ուղարկում են համակենտրոնացման ճամբար:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ամելի» (Le Fabuleux Destin d’Amélie Poulain)
Ռեժիսոր Ժան Պիեռ Ժյոնեի կողմից 2001 թվականին նկարահանված ֆրանսիական ռոմանտիկ կատակերգությունը պատմում է Ամելի Պուլենի (Օդրի Տոտու) մասին: Ինչպես փոքրիկ թռչունի թռիչքը կարող է փոթորիկ առաջացնել, այնպես էլ իր երևակայության աշխարհում ապրող հանգիստ և միայնակ Ամելիի տարօրինակ և, առաջին հայացքից, անհասկանալի արարքները կարող են մեկընդմիշտ փոխել մարդկանց կյանքը:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Խղճի թելադրանքով» (Hacksaw Ridge)
Ռեժիսոր Մել Գիբսոնի՝ իրական դեպքերի վրա հիմնված զինվորական դրաման պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան բանակի բժիշկ Դեսմոնդ Դոսսի (Էնդրյու Գարֆիլդ) պատմությունը, ով չի համաձայնում զենք կրել ու սպանել հակառակորդին, Օկինավայի ճակատամարտի ժամանակ փրկում է 75 մարդու և ստանում է Ամերիկյան բարձր զինվորական՝ Պատվո Պարգև:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Սերիալներ
«Գահերի խաղ» (Game of Thrones)
«Գահերի խաղ» ամերիկյան ֆենտեզի ժանրով դրամատիկ հեռուստասերիալի հիմքում ընկած է գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի ու կրակի երգ» վիպաշարը։ Հեռուստասերիալը ստեղծվել է Դեյվիդ Բենիոֆի և Դ. Բ. Ուեյսսի կողմից՝ «HBO» հեռուստաալիքի պատվերով։ Նկարահանումները տեղի են ունեցել Հյուսիսային Իռլանդիայում, Խորվաթիայում, Իսլանդիայում, Մարոկկոյում, Իսպանիայում, Մալթայում, Շոտլանդիայում և ԱՄՆ-ում։
Հեռուստասերիալի դեպքերը զարգանում են Վեսթերոս և Էսսոս գեղարվեստական մայրցամաքներում՝ տասնամյակ տևած ամառվա վերջին։ Սերիալը զարգանում է մի քանի գծով։ Առաջինը պատմում է Վեսթերոսի մեծ մասը զբաղեցնող յոթ թագավորությունների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի մասին, որը մղվում է հանուն երկրի իշխանության խորհրդանիշի՝ Երկաթե գահի։ Երկրորդը ներկայացնում է երկրի նախորդ կառավարող դինաստիայի վերջին ներկայացուցչի կյանքն Էսսոսում, որտեղ նա ծրագրում է վերադարձնել Գահը։ Երրորդ ժամանակագրությունը ցույց է տալիս Վեսթերոսի հյուսիսում զարգացող իրադարձությունները, որոնք պայմանավորված են մոտեցող երկարատև և ցրտաշունչ ձմեռով և այն բոլոր առասպելական էակներով, ովքեր գալիս են ձմռան հետ։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Քարտե տնակ» (House of Cards)
Դեմոկրատական կուսակցության հավակնոտ կոնգրեսական Ֆրենկ Անդերվուդը (Քևին Սփեյսի)՝ իրեն պետքարտուղար դարձնելու խոստման դիմաց, օգնում է Գարեթ Ուոքերին՝ դառնալ ԱՄՆ նախագահ: Սակայն ընտրություններից հետո նախագահի վարչակազմի ղեկավար Լինդա Վասկեզը հաղորդում է Անդերվուդին, որ նա պաշտոն չի ստանալու: Դավաճանությունից կատաղած Ֆրենկը և նրա կինը (Ռոբին Ռայթ) ամեն ինչի պատրաստ են, որպեսզի վրեժխնդիր լինեն նորընտիր նախագահից:
Հեռուստասերիալը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան